Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է. հոսպիտալացման համար տանը սպասող հիվանդներ չկան
Advertisement 1000 x 90

Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է. հոսպիտալացման համար տանը սպասող հիվանդներ չկան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է, որից 43-ը՝ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ վերջին օրվա տվյալներով արձանագրվել է վարակվածության 182 դեպք։ Ընդհանուր առմամբ դեպքերի թիվը 32 հազար 151 է։

«Կիրակի օրվա դեպքերի փոքր թիվը պայմանավորված է քիչ թվով արված թեստերով, քանի որ ոչ աշխատանքային օր է։ Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այն հիմնական ցուցանիշը, որից իրենք միշտ փորձում են խուսափել, վերաբերում է տանը սպասող քաղաքացիների թվին։ «Այսօր՝ ժամը 9։00-ի դրությամբ, չկա տանը սպասող քաղաքացի, կա միայն մեկ քաղաքացի, որը սպասում է, որ ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից տեղափոխեն կորոնավիրուսային»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս շրջանում եղել են օրեր, երբ մինչև 200 հիվանդ սպասել է տանը:

Արձագանքելով՝ Արսեն Թորոսյանն ասդաց, որ այդ թիվը նույնիսկ հասել է 300-ի։

«Կարևոր եմ համարում արտակարգ դրության ռեժիմի՝ առնվազն մեկ ամսով երկարացումը։ Եթե մեր վաղվա գնահատականներով այս կայուն և կայունից մի քիչ թեթևացող վիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ կայացվեն»,- ասաց նա:

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կառավարության որոշմամբ երկարաձգվեց ևս մեկ ամսով՝ մինչ օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն: