Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլը Հայաստանի հավաքականը լիովին ձախողեց՝ E խմբում գրավելով 5-րդ հորիզոնականը: Այս անհաջողությունը չխանգարեց, որպեսզի ՀՖՖ-ն նոր պայմանագիր առաջարկի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:
Նոյեմբերի 9-ին և 13-ին մեր հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Առաջինը կմրցենք Բելառուսի, այնուհետև՝ Կիպրոսի հավաքականների հետ:
Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նոյեմբերի 6-ից 13-ը կայանալիք մարզական հավաքին մասնակցելու հրավեր:
Գյումրեցի մասնագետը մամուլի ասուլիսներից մեկում հայտնել էր, որ ցանկանում է թիմում «նոր արյուն» տեսնել: Այս անգամ ևս Արթուր Պետրոսյանը արտասահմանում հանդես եկող ոչ մի նոր ֆուտբոլիստի չի հրավիրել ազգային ընտրանու ճամբար: Փոխարենը, հայ մասնագետը իր փնտրած «նոր արյունը» գտել է Բարձրագույն խմբում, որտեղից հրավիրված երեք ֆուտբոլիստներ նորեկներ են: Արման Մելիքսեթյանը («Արարատ»), Էրիկ Վարդանյանը («Փյունիկ») և Հայկ Իշխանյանը («Գանձասար-Կապան») առաջին անգամ են կրելու հավաքականի խաղաշապիկը:
Արման Մելիքսեթյանը միակ ֆուտբոլիստն է, ով հրավիրվել է «Արարատից»: Չնայած երևանյան ակումբը անկայուն խաղ է ցուցադրում, Մելիքսեթյանը վերջին շրջանում բավականին լավ տպավորություն է թողել: Այս ընկերական հանդիպումները լավ հնարավորություն կարող է լինել 22-ամյա դարպասապահի համար ցույց տալու իր ուժը:
Էրիկ Վարդանյանի հրավերը բավականին անսպասելի էր: Սպասվում էր, որ մի օր տաղանդավոր ֆուտբոլիստը ստանալու է իր հնարավորությունը, սակայն քչերը կսպասեին, որ նրա նորամուտը կարող է տեղի ունենալ այսքան շուտ: Հետաքրքիր կլինի տեսնել նրա գործողությունները Մխիթարյանի և մյուս առաջատար խաղացողների կողքին:
Բոլորին էլ պարզ է, որ մեր ընտրանին խնդիրներ ունի պաշտպանությունում: Սա հիանալի հնարավորություն է այս գծում հրավեր ստացող ցանկացած նորեկի համար: Հայկ Իշխանյանը երկար տարիներ լավ ֆուտբոլ է ցուցադրում և նրան երկար ժամանակ էինք սպասում հավաքականի ճամբարում: Որակյալ խաղ ցուցադրելու դեպքում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը կարող է հետագայում կրկին հայտնվել Հայաստանի ընտրանու հայտացուցակում: Երկրորդ հարկում լավ աշխատող և ֆիզիկապես ամուր Իշխանյանը շատ բան կարող է փոխել պաշտպանությունում:
Ներկայացնում ենք նորեկների վիճակագրական տվյալները.
Արման Մելիքսեթյան («Արարատ») – դարպասապահ, 22 տարեկան
Մասնակցել է 10 հանդիպման՝ բաց թողնելով 12 գոլ: Խաղադաշտում անցկացրել է 900 րոպե:
Էրիկ Վարդանյան («Փյունիկ») – կիսապաշտպան, 19 տարեկան
Մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: Խաղադաշտում անցկացրել է 458 րոպե:
Հայկ Իշխանյան («Գանձասար-Կապան») – պաշտպան, 28 տարեկան
Մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Խաղադաշտում անցկացրել է 1170 րոպե:
Բացի վերը նշված խաղացողները, կան ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնց խաղին կարելի է առանձնակի ուշադրությամբ հետևել առաջիկա երկու խաղերին: Երկու շիրակցիներին՝ Արտյոմ Միքայելյանին և Ռոբերտ Դարբինյանին նույնպես կարելի է նորեկ համարել: Նախորդ ընտրական փուլի վերջին հանդիպումներին նրանք հրավեր ստացել էին: Պաշտպանները Լեհաստանի դեմ խաղին չէին մասնակցել, իսկ Ղազախստանի հետ դիմակայությունում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել միայն Միքայելյանը և փոխարինվել 67-րդ րոպեին: Ազգային ընտրանի է վերդառնում Ռումյան Հովսեփյանը, ով Պետրոսյանի օրոք երբեք չէր հրավիրվել հավաքական: Վերջին ամիսներին Ռումյանը լավ մարզավիճակ է ձեռք բերել, ինչը չի վրիպել գլխավոր մարզչի աչքից:
armsport.am