Հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձևում նվաճած արծաթե մեդալը հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար առաջինն էր մեծահասակների մրցաշարում:
Եզրագիծը հատելուց հետո Էդգարը հուզված էր, բայց և հպարտ՝ իրենից հետ էր թողել օլիմպիական խաղերի մեդալակիրներին, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին.
«Բառերով չեմ կարող նկարարագրել՝ ինչ զգացի, երբ եզրագիծը հատելուց հետո տեսա մարզչիս ուրախությունը: Զգացված եմ, որ շատ հայեր եկել էին ինձ երկրպագելու:
Հասկանում եմ, որ կարողացա արդարացնել մարզչիս ու երկրպագուների սպասելիքները: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց առաջ ացնել աշխարհի ուժեղագույն մարզիկներից:
Այս մեդալը թիմային աշխատանքի արդյունք է: Շնորհակալ եմ մարզչիս՝ Արմեն Գյոզալյանին: Նա իմ կողքին է ամեն պահ, օգնում է ինձ ցանկացած հարցում թե´ սպորտում, թե´ սպորտից դուրս: Ես էլ փորձում եմ նրան շնորհակալությունս ասել իմ հաջողություններով:
Մեծահասակների խումբ անցումը միանգամայն այլ է, այստեղ պայքարը շատ մեծ է: Այս մրցումից հետո հասկանում եմ, որ կարող եմ նորից հաջողությունների հասնել: Պետք է պայքարեմ, շարունակեմ առաջ շարժվել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Էդգար Ստեփանյանը:
Հայ հեծանվորդի գլխավոր նպատակն է մասնակցել 2018թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը, ապա նվաճել Տոկիո-2020-ի ուղեգիր: Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանալու են 24 լավագույնները.
«Գավաթի խաղարկությունում կարևոր միավորներ վաստակեցի, որի արդյունքում վարկանիշային աղյուսակում դիրքս զգալիորեն կբարելավրեմ: Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում 23-րդն եմ: Բայց դեռ ժամանակ ունեմ ավելի շատ միավորներ վաստակելու: Առաջիկայում պատրաստում եմ մասնակցել ևս մեկ մրցաշարի, որը ԱԱ-ի միավորներ է տալիս:
Հավատում եմ ուժերիս: Ցանկացած մրցման պետք է պատրաստվել լրջորեն: Եթե մի պահ թերագնահատես քեզ կամ չպահպանես մարզիկի օրակարգը՝ ճիշտ քնելը, սնվելը, ապա հաջողության հասնել չես կարող»,- նշեց հեծանվորդը:
armsport.am