Կյանքը սովորեցրել է հաղթանակներից շատ չուրախանալ, պարտություններից` չտխրել. Արամ Սարգսյան. haymedia.am
Advertisement 1000 x 90

Կյանքը սովորեցրել է հաղթանակներից շատ չուրախանալ, պարտություններից` չտխրել. Արամ Սարգսյան. haymedia.am

ՀայՄեդիա.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում նոր շարք՝ Քաղաքական գործիչները՝ քաղաքականությունից դուրս: Մենք կփորձենք բացահայտել քաղաքական գործիչներին որպես անձ և անհատականություն:

Մեր առաջին զրուցակիցն է պատգամավոր Արամ Սարգսյանը:

20 տարեկանում և այսօր…

-Շատ տարբեր եմ՝ թե արտաքինով և թե փորձով: Ամեն տարիք իր առավելությունն ու իր հմայքն ունի: Կան իրավիճակներ, երբ փորձն օգնում է, կան իրավիճակներ, երբ խանգարում է:
20 տարեկանում մտածում էի, որ նկարիչ եմ դառնալու: Սովորում էի նկարչական ուսումնարանում: Սակայն հասկացա, որ նկարիչ դառնալ չեմ կարող, քանի որ նկարիչ ծնվում են: Հիմա նույնպես նկարում եմ, բայց արդեն իմ  հաճույքի համար, հանգստանալու լավագույն միջոցը նկարչությունն է:

Այսօր ես ինձ այլ հարթության մեջ եմ տեսնում: Իմ կյանքի փորձով, ունեցած գիտելիքներով և այսքան տարվա ապրածով փորձում եմ գտնել մեթոդներ և տարբերակներ, որով կարելի է Հայաստանի Հանրապետությունը հանել այս տնտեսական և քաղաքական իրավիճակից: Փորձում եմ գտնել մեթոդներ առաջիկա 5-10 տարիների համար խնդիրներ լուծելու: Ուզում եմ գտնել այն տարբերակը, որով բազմաթիվ երկրներ ծանր իրավիճակներից հետո հրաշք գործեցին՝ դուրս գալով այդ իրավիճակից: Իմ սիրած օրինակներից մեկը Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի և Կորեայի օրինակն է:
Այս առումով հարկավոր է լուրջ փորձ, անցած ուղի և գիտելիքներ, թե որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը:

Կյանքը սովորեցրել է …

-Սովորեցրել է հաղթանակներից շատ չուրախանալ, պարտություններից չտխրել:

Կյանքում ամենակարևորը…

-Իհարկե, սերը… Սերն իր ամենալայն իմաստով՝ սեր առ Աստված, առ հայրենիք, առ ընտանիք, սեր այն գործի հանդեպ, որով զբաղվում ես: Լավագույնը սիրո վերաբերյալ ասել է Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված թղթում, դրանից ավելի լավ առ այսօր ոչ ոք չի ասել:

Սեր, սիրո դրսևորումներ…

-Սերը  դրսևորվում է նվիրվածությամբ և հավատարմությամբ, սեփական կյանքը երկրորդական համարելով:

Արժեքներ…

-Բացարձակ արժեքը երկրի համար անկախությունն է, ընտանիքի համար սերն է, ընկերների համար հավատարմությունն է: Բոլոր դրական արժեքները բացարձակ արժեքներ են, դրանք չափել հնարավոր չէ, կշռել հնարավոր չէ:

Մանկության ամենաքաղցր հուշը…

-Կան բաներ, որոնց ես մի բառով ասում եմ՝ «երանի»: «Երանին» այդ մանկությունն է: Մանկության ամեն ինչը հաճելի հուշ է, քանի որ, ցավոք, իմ տարիքի մարդկանց մեծ մասն արդեն տեսնում է, որ այս կյանքում ապրող իր հարազատ մարդկանց թիվը և կյանքից գնացածների թիվը գրեթե հավասար են: Եվ այստեղ «երանի»-ի, մարդկային կարոտի զգացողությունն է, որը որևէ ձևով չի փոխլրացվում:

Եթե լիներ երկրորդ կյանք…

-Շատ կուզեի նույն ընտանիքում ծնվել: Կանեի ամեն ինչ, որ հնարավորինս խանգարեի այն փորձություններին, որով անցավ իմ երկիրն ու ընտանիքը:
Իհարկե, բազմաթիվ սխալներ եմ գործել այս կյանքում, որոնք որ հասկացել եմ, նաև ներողություն եմ խնդրել: Այդ հասկացած սխալները կաշխատեի չգործել: Բայց կգերադասեի ապրել այն կերպ, ինչպես որ ապրում եմ: