Հայաստանի ոստիկանությունը կխստացնի փողոցներում իրավակարգի հսկողությունը. ոստիկանները կհետևեն հասարակական կարգին տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով։ Այդ մասին հայտարարեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Եղիազարյանը` չորեքշաբթի ներկայացնելով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Տեսախցիկները կլինեն ստացիոնար և շարժական։ Առաջինները կտեղադրվեն քաղաքում և քաղաքացիների անձնական կյանքին չխանգարելու համար դրանցից հեռու կդրվեն նախազգուշացնող նշաններ։ Սիրահար զույգերը, զբոսասերները և այլ անձինք, որոնք չեն ցանկանում ուշադրություն գրավել իրենց վրա, կկարողանան ժամանակին շրջանցել դրանք։ Ոստիկանության կայքում կտեղադրվեն նաև տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի հասցեները։
Ինչ վերաբերում է շարժական տեսախցիկներին, դրանք կլինեն ոստիկանների մոտ։ Իրավապահները պետք է մշտապես նկարեն այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջապատում, և ոստիկանն իրավունք չունի անջատելու սարքը։ Քաղաքացիներին մոտենալիս նա պարտավոր է նախազգուշացնել նկարահանման մասին, իսկ տեսախցիկը պետք է կրի երևացող տեղում։ Գաղտնի նկարահանումը կթույլատրվի օրենքով սահմանված օպերատիվ միջոցառումների ժամանակ։
Տեսագրությունները կարելի է պահել մինչև յոթ օր։ Ոստիկանության բաժնի վարիչը կարող է երկարացնել այդ ժամկետն այն դեպքում, եթե տեսախցիկը հանցագործություն կամ հասարակական կարգի խախտում է արձանագրել, եթե ոստիկանի գործողության վերաբերյալ բողոք է եղել, կամ այն դեպքում, եթե ոստիկանությունը ներքին ծառայողական հետաքննություն է անցկացնում։
Եվ վերջապես, ոստիկաններին կարգելեն հրապարակել կադրեր ծառայողական նկարահանումից կամ զուգահեռ նկարել իրենց անձնական հեռախոսներով։