Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել: Գրանցվել է 661 արտակարգ դեպք՝ 2016 թվականի 622-ի փոխարեն: Դեպքերից 533-ը տեխնածին են:
Տարվա ընթացքում ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է 80 հազար 400 զանգ՝ նախորդ տարվա 85 հազար 600-ի փոխարեն: Գրանցված արտակարգ պատահարների հետևանքով 2017 թվականին զոհվել է 26 քաղաքացի, մինչդեռ 2016-ին՝ 29 մարդ: Փոխարենը վիրավորվածների թիվը 35-ով ավելացել է: Այս մասին հունվարի 23-ին Շիրակի մարզպետարանում տարեկան ամփոփիչ խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդակցությանը ներկա էին ԱԻ նախարարության գերատեսչությունների Շիրակի մարզային կառույցների ներկայացուցիչները, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, համայնքապետեր:
Խոսելով 2017 թվականին ընթացքում արտակարգ դեպքերի թվի մասին, Արթուր Կարապետյանը փաստեց, որ հիմնական աճը կապված է տեխնածին բնույթի դեպքերի թվի աճի հետ՝ դրանցից միայն 320-ը հրդեհի դեպքեր են: Հրդեհների գերակշիռ մասն արձանագրվել են խոտածածկ տարածքներում:
Տեխնածին բնույթի դեպքերի պատճառով 100 մլն 254 հազար 594 դրամ (2016թ. նույն ժամանակահատվածում՝ 67 մլն 728 հազար 096 դրամ) նյութական վնասը աճել է` 32 մլն 526 հազար 498 դրամով կամ 48,02 %-ով: Տարերային բնույթի արտակարգ իրավիճակների պատճառած նյութական վնասը կազմել է 542 մլն 283 հազ 337 դրամ, տուժել և վնաս են կրել մարզի թվով 15 համայնք: Տարվա ընթացքում կարկտահարությունից տուժել և վնաս են կրել թվով 12 համայնքների 3177,5 հա գյուղատնտեսական մշակաբույսեր, նյութական վնասը կազմել է 495 մլն 643 հազար 337 դրամ, իսկ ուժեղ քամուց տուժել և վնաս են կրել թվով 3 համայնքների շենք-շինություններ, նյութական վնասը կազմել է 46 մլն 640 հազար դրամ (2016 թ. մարզում ուժեղ քամուց վնասներ և դեպքեր չեն արձանագրվել):
Մարզում 32-ով աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի հետևանքով 3-ով ավելացել է զոհերի թիվը:
Ամփոփելով 2017 թվականին մարզում արձանագրված դեպքերը՝ մարզի փրկարարական վարչության պետը ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչներին ներկայացրեց խնդիրները՝ էլեկտրաշչակների, տեխնիկական վերազինման, իսկ ամենակարևորը՝ նա խոսեց Գյումրիում ևս մեկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստեղծման անհրաժեշտության մասին:
2017 թվականին կատարած աշխատանքները ներկայացրեցին նաև մարզի հիդրոմետ, սեյսմիկ և հակահրդեհային ծառայությունները:
Արմենուհի Մխոյան