«Պետք է մեր գիտնականներն ու պաշտոնյաները խոսեն, ուղղություն ցույց տան, թե ինչպես սնվել, որ դեպքում ինչ անել»
Advertisement 1000 x 90

«Պետք է մեր գիտնականներն ու պաշտոնյաները խոսեն, ուղղություն ցույց տան, թե ինչպես սնվել, որ դեպքում ինչ անել»

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես ՀՀ քաղաքացի և երկու երեխաների հայր, ակնկալում եմ առողջապահության ոլորտի մեր պատասխանատուներից ակտիվ լինել հատկապես տարբեր սննդատեսակների, ըմպելիքների առողջարար, կամ առողջությանը վնաս պատճառելու մասին արվող հայտարարություններով:

Մեր մամուլում շատ են գրվում այս կամ այն հիվանդությունների դեմ ինչ-որ բաղադրատոմսերի մասին, սա, իհարկե, կարևոր է, բայց պետական մակարդակով պետք է ժամանակ առ ժամանակ խորհրդատվություններ տրվեն, թե որ սննդակարգն է, որ նպատակահարմար է օգտագործել տարբեր հիվանդություններ կանխելու գործում:

Օրինակ՝ մեր սննդի օբյեկտներն անարգել գովազդում են գազավորված ըմպելիքները, որոնց վնասակարության մասին շատերն են խոսում, բայց մեզանում չկա պաշտոնական տեսակետ, չկա արգելք հատկապես մանկահասակ երեխաների համար:

Ես իսկապես չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին թույլ են տալիս կոկա-կոլա, պեպսի կամ այլ գազավորված ըմպելիքներ օգտագործել, այստեղ սերնդի առողջության հարցն է, ինչը չպետք է ինքնահոսի թողնել ու գոնե խորհրդատվական մակարդակում այս մասին պետք է խոսել:

Էլ չեմ խոսում մեզանում անհասկանալի պատճառով գնալով տարածվող քաղցկեղի մասին: Այս մահաբեր հիվանդությունը հազարավոր հայերի կյանք է խլում, իսկ մեր այն քաղաքացիները, ում մոտ հայտնաբերվում է դա, ձգտում են արագ մեկնել Գերմանիա, Ֆրանսիա կամ Իսրայել, քանզի տարածված տեսակետ կա, որ այստեղ չկան համապատասխան սարքավորումներ ու չեն տիրապետում բուժման (զարգացումը կանխելու) նորագույն մեթոդներին:

Էլ չեմ խոսում այն մասին, որ այս հիվանդությունը կանխելու գործում արդեն կան դեռևս չհաստատված բաղադրատոմսեր, որոնց հիմքում չիչխանն է, կտավատը, սխտորը, սոդան և այլն: Այս մասով ևս պետք է մեր գիտնականներն ու պաշտոնյաները խոսեն, ուղղություն ցույց տան, թե ինչպես սնվել, որ դեպքում ինչ անել: Տպավորություն է, որ մենք զբաղվում ենք միայն հիվանդություն բուժելով, այնինչ առավել արդյունավետ է այն կանխելը»: