Երկրների ռազմական հզորության Global Fire Power (GFP) վարկանիշն իրական պատկերը չի արտացոլում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս կարծիքը հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։
Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնի` 2017 թվականն ամփոփող վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը` 2016 թվականի համեմատ բարձրանալով 2 հորիզոնականով։ Ադրբեջանը գլոբալ վարկանիշում 58-րդ հորիզոնականն է զբաղեցրել, Վրաստանը` 82-րդ։
Global Fire Power 2016 վարկանիշում Հայաստանը 95-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը` համապատասխանաբար 80-րդ և 59-րդ հորիզոնականները։
Խրամչիխինի խոսքով` վարկանիշը կաղում է գոնե այն պատճառով, որ Վրաստանը ռազմական հզորությամբ Հայաստանից բարձր հորիզոնական է զբաղեցրել։ Մինչդեռ Վրաստանը լուրջ կանոնավոր բանակ, որպես այդպիսին, չունի։
«Ադրբեջանի պարագայում դեռ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ վարկանիշի հեղինակներին։ Հավանաբար նրանք հաշվի են առել Բաքվի ռազմական ծախսերը (դրանք Երևանի ծախսերից զգալիորեն շատ են), գնված սպառազինության բազմազանությունը, Կասպից ծովի նավատորմիղի առկայությունը, բանակի թիվը։ Սակայն ինչպես է Վրաստանի ինդեքսը Հայաստանից բարձր ստացվել, անհասկանալի է», — ասաց Խրամչիխինը` ենթադրելով, որ զեկույցի հեղինակները սուբյեկտիվ գնահատականներ են տվել։
Նշենք, որ GFP վարկանիշը կազմվում է` հաշվի առնելով 50 չափորոշիչ, այդ թվում երկրի պոտենցիալ հնարավորությունները ցամաքում, օդում և ծովում։ Հաշվի են առնում մարդկային ռեսուրսները, ֆինանսները, աշխարհագրությունը։ Ընդ որում` շեշտը հիմնականում դրվում է սպառազինության բազմազանության վրա, այլ ոչ թե քանակի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am