ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի հատուկ նիստում հանդես եկավ վարչապետի թեկնածուի վերաբերյալ ելույթով:
«Այսօր շատ կարևոր օր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ մեր ժողովրդի կյանքում: Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ, որը ոչ միայն գործադիրի ղեկավար է, այլ դե ֆակտո գլխավոր հրամանատար, պետության առաջնորդ և Ղարաբաղյան հիմնահարցում գլխավոր բանակցող: Բայց մինչ այդ, մի քանի խոսքով անդրադառնամ ներքաղաքական իրավիճակին»,-ասաց նա, ապա շարունակեց. «Այո՛, այսօր Հայաստանի Հանրապետությունում նոր իրողություններ են և նոր իրավիճակ: Չեմ ժխտում: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն և հասարակությունը «մերոնքների» ու «ձերոնքների» չբաժանելու գործելաոճ:
Անկախ նրանից դուք դա ընդունում եք, թե ոչ, դա այդպես է: Պատմությունն ամեն ինչ և ամեն մեկիս կդնի իր տեղը»:
Նա նշեց, որ իրենք երբեք չեն գնացել մերժողական ճանապարհով, պատրաստ են եղել ու պատրաստ են երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրերի: Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան:
Նրա խոսքով՝ դեմոկրատիան մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, ճնշման միջոցով փորձել ազդել որևէ պատգամավորի ազատ կամարտահայտության վրա: Պրեսսինգն անթույլատրելի է:
«Մենք այստեղ բոլորս հանրության ընտրյալներն ենք, ու մեր խղճի մտոք կընտրենք վարչապետին կողմ կամ դեմ քվեարկությամբ: Վարչապետի մասով: Այսօր մենք ընտրում ենք ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախևառաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ և քաղաքական հստակ գաղափարախոսությամբ: Կանխատեսելի նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետևողական և անփոփոխ: Ով է լինելու ձեր ընտրվելու պարագայում առաջն փոխվարչապետը, մյուսները, ԱԱԾ պետը, նախարարները, ո՞վ, պատասխան չկա… Ընդամենը մի քանի ամիս առաջ դուք և «Ելք» խմբակցությունը պահանջում էիք իշխանություններից դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այսօր ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում իրողությունների փոփոխության մասին, դուք մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կարծում եմ՝ առնվազն արդար չէ: Արցախյան հիմնահարցում դուք որևէ հայեցակարգ չեք ներկայացնում՝ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը, այդ 7 շրջաններն ազատագրվա՞ծ են, թե՞ օկուպացված, դուք բացառում եք դրանց հանձնումը, թե՞ ոչ և առհասարակ որևէ բանակցություն դրա վերաբերյալ, ինչպես եք բանակցելու և այլն: Ասում եք՝ ռազմական բյուջեն կավելացնեք, ինչպե՞ս, ես այդ հարցի պատասխանը չստացա»,-ասաց նա:
Շարմազանովը, անդրադառնալով գաղափարախոսությանը, անհնար է լինել մի քիչ սոցիալիստ, մի քիչ պահպանողական, մի քիչ լիբերալ: Քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն:
«Այդպես է քաղաքակիրթ աշխարհում՝ Վաշինգտոնից մինչև Բեռլին ու Մոսկվա: Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի: Մենք ևս մտահոգ ենք մեր հայրենիքում առկա խնդիրներով: Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա ու անարդարություն և անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, մենք պետք է ոչ թե անորոշության, այլ քաղաքական երկխոսության միջոցով լուծենք այդ խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով: Իմ գնահատականները բացառապես քաղաքական են, և այստեղ չկա որևէ անձնական վերաբերմունք:
Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դուք ինձ չհամոզեցիք: Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա խոսքս ուզում եմ ավարտել նույն խոսքերով՝ եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ, միասնական, ազգային ու ժողովրդավարական Հայաստան: Աստված պահպանի մեր հայ ժողովրդին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին: Շնորհակալություն ուշադրության համար»,-եզրափակեց Շարմազանովը: