«Քանի դեռ քաոսի ջինը շշից դուրս չի եկել, պետք է ամուր փակել այդ շշի բերանը». Հրանուշ Խառատյան
Advertisement 1000 x 90

«Քանի դեռ քաոսի ջինը շշից դուրս չի եկել, պետք է ամուր փակել այդ շշի բերանը». Հրանուշ Խառատյան

Եթե մենք շտապում ենք Հայաստանի Հանրապետությունում իշխանության իրավունքը հանձնել Նիկոլ Փաշինյանին, շուտ թե ուշ նա ստիպված է լինելու ընդունել այդ «նվերը»:

Այո, ինձ սկսում են տագնապալի թվալ որոշ երևույթներ: Լավ է, որ մարդիկ «իրավունք» և հնարավորություն են ստացել խոսել, արտահայտվել, բացահայտել… Սա առնվազն ցրում է երեկվա  «խոսքի ազատության» առասպելը: Երբ մի կողմից ժուռնալիստներն ու որոշ հասարակական կազմակերպություններ, անընդհատ խոչընդոտների բախվելով, ամեն հնարավոր բան անում էին գործնական իրավիճակների մասին տեղեկություններ տարածելու, մյուս կողմից զանազան պաշտոնական հանդիպումների ժամանակ (նախագահի հանդիպումը Գիտությունների Ակադեմիայում, ԵՊՀ-ում և այլն (նախապես այնպես էին ծրագրավորվում հանդիպումները, որ որևէ ազատ ասելիք չլինի, չլսվի, լսվելու դեպքում էլ՝ լռեցվի) «Փո՞ղ եք ուզում, ես էլ եմ ուզում» (նախագահը ԳԱ-ում), «Դուք գիտնակա՞ն եք, թե՞ քաղաքական գործիչ, զբաղվեք Ձեր գործով և հարցեր մի տվեք» (նախագահը ԳԱ-ում), իսկ սովորաբար պարզապես լռեցնում էին խոսել ցանկացողներին, կամ մարդիկ իրենք էին անզորությունից, վախից գերադասում լռել, և սովորաբար փողհարվում էր Հայաստանում աննախադեպ խոսքի ազատության մակարդակի մասին: Բայց սա ՀՀԿ-ի իշխանության գործելակերպն էր:

Հասկանալի է, որ մեկ օրում շատ բան չէր փոխվելու: Եվ շատ, շատ վատ է, որ եղած փոփոխությունը հիմա «նույնն է՝ հակառակից»: Ճիշտ է՝ ոչ «հեղափոխական իշխանության» կողմից, բայց հեղափոխական տրամադրությունների կողմից հիմա էլ լռեցվում է «հակառակ կողմի» խոսքի «իրավունքը»: Երեկ բազմաժխոր վանկարկումներով թույլ չտվեցին խոսել 11-րդ դպրոցի տնօրեն Ազիզյանին, այսօր սուլոցներով և բազմաժխոր ընդհատումներով թույլ չտվեցին խոսել Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Մինասյանին: Եվ դեռ քանիսին: Այո, նրանք վախի և սպառնալիքի մթնոլորտով արտահայտվելու իրավունքից զրկել են հազարավորների, այո, նրանք նպաստել են հասարակության հնազանդ հպատակությանը, այո, անօրինական և իրավական ձևերով անհնազանդներին հեռացրել են աշխատանքից, մեծ հավանականությամբ կատարել են ֆինանսական չարաշահումներ, այո, մարդիկ տառապել են այդ անօրինություններից, բայց նրանց խնդիրները ինքնահնար «հեղափոխական տրիբունաները» չպիտի լուծեն, նրանց անօրինությունների պատիժները նույն ճանապարհով չպիտի լուծվեն, ինչ ճանապարհով  «լուծվել» են նրանց չարաշահումները: Եթե Հայաստանի այսօրվա հասարակական-մշակութային տարածքը լցվի կուտակված խնդիրները «այստեղ, այսօր և այս ձևով» լուծելու անկառավարելի մեթոդներով, մենք ուղիղ ճանապահ ենք բացում սպասվող իշխանությանը ՀՀՇ-ի առաջին տարիների ամենաթողությամբ օժտելու և ամենազորությամբ պճնվելու: Սա ազատության ջինը չի, որ դուրս է եկել շշից, սա քաոսի ջինն է, և քանի դեռ այն շշից դուրս չի եկել, պետք է ամուր փակել այդ շշի բերանը:

Եվ այո, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը բազմիցս կրկնել տվեց՝ մեր ժողովուրդը վերականգնում է իշխանության իր իրավունքը՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն է վերականգնում, ոչ թե անձը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը համոզում է, որ իշխանությունն իրենն է, բայց մենք կարծեք թե ավելի ու ավելի ենք ուզում, որ իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանինը: Մենք նրան պատվեր, հրահանգ չենք տալիս, առաջարկներ չենք անում, մենք սպասում ենք նրա որոշումներին: Այո, հասկանալի է, որ դեռ դե յուրե իշխանություն չէ, որ չենք ուզում բացասաբար ազդել գործընթացների վրա, բայց ու՞ր են գաղափարների քննարկումները, ու՞ր են «պատվերները»: Սա հենց այն ժամն է, երբ դրանք պետք է հեղեղեն մեր օրակարգը, այդ թվում՝ արդարության վերականգնման օրակարգը: «Հեղափոխական տրիբունաներով» գործնական հարցեր լուծելու փոխարեն հիմա պիտի առաջիկա իշխանությանը հեղեղենք «գաղափարական տրիբունաներով»: Բայց մենք դեռևս վերապահորեն սպասում ենք Նիկոլ Փաշինյանի որոշումներին:

Եթե մենք շտապում ենք իշխանության իրավունքը հանձնել Նիկոլ Փաշինյանին, շուտ թե ուշ նա ստիպված է լինելու ընդունել այդ «նվերը»: Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի բազմաթիբ լուսանկարները փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» պաստառներով և գործնական քննարկումներ սկսել կուտակված խնդիրների լուծումների հնարավորությունների շուրջ: