Թուրքական ազգայնականությունը և պատմության գյուտը – Մաս Ա
Advertisement 1000 x 90

Թուրքական ազգայնականությունը և պատմության գյուտը – Մաս Ա

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ աշխարհաքաղաքականության դոկտոր, Թուրքիայի մասնագետ՝ Էթիեն Քոփոյի հոդվածը, որը ամբողջությամբ կարող եք կարդալ repairfuture.net-ում:

«Պատմության գյուտը» վերնագրված այս տեքստը 1994-ին հրապարակված ամփոփումն է այն ատենախոսության, որն ավարտեցի և պաշտպանեցի նույն տարվա դեկտեմբերին: Առաջին անգամն է, որ իմ աշխատանքի արդյունքը փորձում էի ներկայացնել լայն հասարակությանը՝ «Autrement» հրատարակչության միջոցով: Ոչ մի արձագանք չեղավ, հետաքրքրության ոչ մի նշան: Թուրք ազգայնականների «պատմության թեզը» այնքան մտացածին էր, որ երևի մտածեցին, թե չափազանցնում էի: Ոմանք զարմանում էին, որ նման անհետաքրքիր բաներով եմ զբաղվում: Պետք է ասել, որ Մուստաֆա Քեմալի  20-30-ական թթ բարեփոխումների թվում այս մեկը հաճախ մոռացված էր պատմաբանների կողմից:

Բայց այս «պատմության գյուտը» քեմալիզմի պատմության մեջ երկրորդական չէ: Հայոց ցեղասպանության, ապա նաև 1923-ի «մեծ փոխանակման» հետևանքով (իրականում՝ կրկնակի զանգվածային արտաքսում), պատերազմի և բռնության տասնմեկ տարիների ընթացքում ուժասպառ եղած ու կործանված Անատոլիայի բնակչությունը բառացիորեն ապակողմնորոշված էր: Կայսրությունից հանրապետություն անցման շրջանում հաճախ է խոսվում տարածքային կորուստների մասին, բայց կա շատ ավելին՝ Անատոլիայի գրեթե յուրաքանչյուր բնակիչ կորցրել է տուն, դաշտեր, այգի, հարազատ միջավայր: Կորել է հարևանը, ընկերը, արհեստավորը կամ թաղի խանութպանը, հայը, հույնը՝ հայտարարված թշնամիներ, վերացված կամ արտաքսված: և ուշ է գիտակցվում, շատ ուշ, որ այդ «Մյուսը» քո մի մասն է կազմում, և որ նրա կորուստը մի տեսակ անդամահատում է:

Անհրաժեշտ էր (փոխ)հատուցել կորուստը: Քեմալականները ներգրավվեցին այդ գործում՝ օգտագործելով արդեն գոյություն ունեցող՝ առաջին ազգայնականների կողմից մշակված պատմական պատումը, որը անատոլիացիներին տալիս էր մի ուղղություն, մի իմաստ այս ամեն ինչում, ոչ թե մատնացույց անելով մի ապագա, այլ մի նոր անցյալ, որն սկզբունքորեն պիտի վերջնականապես հաստատեր միաձույլ և խորապես արմատացած թուրքական ինքնությունը: Հուսադրող մի պատում:

Բայց մի հարց կար, որին խուսափողաբար էի անդրադարձել 1994 թվականին, դա ցեղասպանության հարցն էր: Այնտեղ ես թեթևակիորեն եմ մատնացույց անում այն. «Հայերի հարցը կարգավորվել էր այն դաժանությամբ, որին ծանոթ ենք»: Ես ուսումնասիրում էի թուրքական պատմական պատումը՝ իր ամբողջությամբ, ավելի քան վեց տասնամյակների իր զարգացմամբ, և հասկացել, բայց դեռ չէի ձևակերպել, այն ինչը, որ այժմ ինձ էական է թվում. այս պատումը ամբողջությամբ պայմանավորված էր (և պայմանավորված է) ցեղասպանության գոյությամբ: Կարելի է նույնիսկ ընդլայնել, ասելով, որ 20-րդ դարի (և դրանից հետո) ողջ  թուրքական իրականությունը պայմանավորված է այս սկզբնական հանցագործությամբ և դրա ժխտմամբ:

Իսկ ո՞րն է իմ ներկայացրած տեքստի պատումը, եթե ոչ այն ալիբի-պատումը, որը մշակվել էր հանցագործների կողմից՝ քողարկելու համար իրենց ոճիրը: Հայերին և ուղղափառներին անատոլիական հողից վերացնելուց հետո, ահա և պետությունը ջնջում էր նրանց պատմությունը ու պարտադրում մի պատում, որը պետք է ամեն ինչ թաքցներ: 20-րդ դարի  առաջին կեսին Անատոլիայում «էթնիկ զտումների» ողջ քաղաքականությունը գտնվում է այս պատումում, և փաստում է ոճիրի գոյությունը:

Որովհետև ինչպես հոգեբույժը հիմնվում է իր պացիենտի պատումի վրա՝ նրան հասկանալու և փորձել բուժելու համար, հոգեվերլուծության գործիքների օգտագործմամբ կարելի է հասկանալ չասվածը, ժխտումը, Մյուսի մերժումը, էգոյի կերտումը, բայց նաև խորտակիչ մեղավորությունը, անհանգստությունն ու անհարմարությունը, որոնք հավանորեն հետագայում նպաստել են Աթաթուրքի՝ հուսադրող ու պաշտպանող Հոր, պաշտամունքի ձևավորմանը:

Քեմալական պատմագիտությունը և դրա առաջացումը

1932թ հուլիսին Անկարայում հանդիսավոր կերպով գումարվում էր Թուրքական պատմագիտական առաջին համագումարը՝ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և անձամբ իրեն` Մուստաֆա Քեմալի ներկայությամբ, որը ներկա էր գտնվում գրեթե բոլոր քննարկումներին: Պետության ղեկավարի կողմից համագումարի բացումը սովորական երևույթ է, բայց անսովոր է, որ նա մի ամբողջ շաբաթ հետևի դրա աշխատանքներին, իսկ այս պարզ փաստը վկայում է այն մասին, թե Թուրքիայում ինչ մեծ կարևորություն էր հատկացվում պատմական հարցերին՝ Հանրապետության վաղ շրջանում:

Գրեթե ամբողջությամբ նախապատմությանը և հնագույն պատմությանը նվիրված այս համագումարը խոսում էր թուրքական պատմագիտության մեջ տեղի ունեցող արմատական հեռանկարային փոփոխության մասին:

Մինչև քսաներորդ դարի սկիզբը թուրքը բնորոշվել է իսլամական պատկանելությամբ՝ «Փառք Աստծո՝ մուսուլման եմ»:  Ինքնության այս տարրը օսմանյան ժամանակաշրջանում  այնքան զորեղ էր, որ սուլթանը միևնույն ժամանակ խալիֆ էր՝ մահմեդական համայնքի կրոնապետ: Օսմանյան կայսրության բազմազգ բնույթը որևիցե կերպ չէր պատշաճում  «ազգության» սահմանման հետ՝ իր ներկայիս իմաստով, իսկ անցյալը չէր ընկալվում որպես թուրքերի անցյալ, այլ որպես մուսուլմաններիանցյալ, այսինքն՝ որոշ չափով արաբների անցյալ:

1923թ հռչակված հանրապետական Թուրքիայի վարչակարգի ներքո պատմության ուսուցումը պետք է հարմարվեր և բավարարեր մի շարք պահանջներ: Նախ և առաջ պետք էր արժևորել թուրքական մշակույթը, որը վարկաբեկվել էր 1918թ հաղթող տերությունների կողմից, և սկիզբ դնել թուրքական հպարտությանը, որը թուլացել էր Թուրքիայի արտասահմանում ունեցած աղետալի կերպարով: 1920-ականներին այս կերպարը սկսում էր վերականգնվել հենց Քեմալի բարեփոխումների շնորհիվ, որը համարվում էր մոդեռնիստ, հանրապետական, աշխարհիկ, և  ներկայացվում էր որպես եվրոպական ռացիոնալության ու պոզիտիվիզմի ժառանգորդը :

Հետո, քանի որ ազգ էին կերտում, այլևս անընդունելի էր շարունակել դասավանդել օտար՝  իսլամի կամ Եվրոպայի պատմություն: Անհրաժեշտ էր գտնել ազգային մի անցյալ, բայց թե ո՞ր մեկը: Թուրքերը Անատոլիայում բնակություն էին հաստատել ինը դար առաջ: Որպես ժողովուրդ նրանք ունեին իրենց պատմությունը, և ապրում էին մի երկրում, որը նույնպես ուներ իր պատմությունը: Կենտրոնական Ասիայից գալով՝ թուրքերը կապվեցին Անատոլիային, այնտեղ հաստատվեցին ու ամրացան: Որպեսզի այդ կապից, ամուսնությունից ծնված զավակները (ժամանակակից թուրքերը) մեծարժեք լինեն, անհրաժեշտ էր, որ խնամիներն էլ այդպիսին լինեին: Ուստի ասիական անցյալի արժևորմանը պետք է հետևեր նաև նմանատիպ մի գործողություն, որը կարժևորեր նոր հայտնաբերած Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունները՝ հոնիացիները, աքայացիները, ուրարտացիները և հատկապես խեթերը:

«Ասիայի հայտնագործումը»

Պատմագիտության վերահայտնաբերման այս շարժումը հետևանք է տարատեսակ հանգամանքների, որոնց մեջ  վճռորոշ է ռուսական գործոնը:

Առաջին հերթին, Ռուսաստանի կողմից Կենտրոնական Ասիայի խանությունների գրավումը (այդ թվում Արալյան ծովի հարավում գտնվող Խիվայի խանության՝ 1873թ) պատճառ դարձավ, որ  միջմուսուլմանական համերաշխության կոչեր հնչեն (19-րդ դ)՝ ուղղված Կոստանդնուպոլսի սուլթան-խալիֆին: Թուրք մտավորականները սկսում էին գիտակցել Սև ծովի հյուսիսում և Կասպից ծովից այն կողմ գտնվող «ցեղային եղբայրների» գոյությունը: Սա պանթյուրքիզմի սկզբնակետն էր, երբ առաջ էր գալիս ոչ թե իսլամական համայնքին (ումմային) պատկանելության զգացումը, այլ մի էթնիկ խմբի, որի տիրույթը բնավ չէր համապատասխանում Օսմանյան կայսրությանը: Այս զգացումի առաջին արտահայտություններից մեկն էր նույն տարում  Փարիզում լույս տեսած օսմանցի Ալի Սուավիի  աշխատությունը, որը նվիրված էր Խիվայի խանությունում տիրող իրավիճակին:

Այդ նույն` 1873 թվականին, Փարիզում տեղի ունեցող Արևելագետների առաջին միջազգային համագումարում՝ գրող և ճանապարհորդ Léon Cahun-ը «Թուրանական կոչված նախապատմական ցեղերի հաբիթաթը և միգրացիաները» վերնագրով մի հաղորդագրություն էր կարդում: Նա այնտեղ ներկայացնում էր մի քարտեզ, որտեղ՝ Եվրասիայի կենտրոնում, պատկերված էր ներքին մի ծով: Այնտեղից ձգվող մեծ սլաքները ներկայացնում էին թուրանցիների գաղթերը դեպի մայրցամաքի ծայրամասերը: Վաթսուն տարի անց, Անկարայի համագումարում սա էր լինելու քննարկման էությունը: Չափից շատ թրքասեր Léon Cahun-ը Փարիզում շփվում էր օսմանցի մտավորականների հետ, և այս վերջինների շնորհիվ Թուրքիայի պատմության շուրջ ֆրանսիացի գրողի պատկերացումները զարմանալիորեն երկարատև ազդեցություն են ունենում. առ այսօր դպրոցական դասագրքերում կարելի է գտնել այդ քարտեզի արտացոլումները:

Գաղութային նվաճումների ավարտին զուգընթաց Ռուսաստանում զարգանում էր թուրքագիտությունը՝ զարկ տալով անցյալի նկատմամբ թուրքերի ինքնագիտակցության բարձրացմանը: Այս ժամանակաշրջանում առաջացավ մի ցանց, որը պիտի վերացներ Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության միջև սահմանները (հիմնականում Կազանը, Ղրիմը և Բաքուն՝ մի կողմից, իսկ Ստամբուլը՝ մյուս կողմից): Այն բաղկացած էր մտավորականներից, Աբդուլ Համիդի ռեժիմից փախչող քաղաքական փախստականներից, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում, Բեռլինում, Փարիզում ուսանող երիտասարդներից: Նրանք շատ լավ յուրացրին թուրքական տիրույթին վերաբերող XIX դարի հնագիտական ու լեզվաբանական հայտնագործությունները, իսկ ոմանք նույնիսկ փայլուն հետազոտողներ եղան: Նրանք մտերմացան ռուս, ֆինն, ֆրանսիացի, գերմանացի գիտնականների… և թյուրքական աշխարհի այլ շրջաններում բնակվող հետազոտողների կամ ուսանողների հետ: Արդյունավետ հանդիպումներ էին տեղի ունենում այս երիտասարդ օսմանցիների և հաճախ թրքասեր թուրքագետների (այդ թվում `Léon Cahun-ի) միջև:

Ամբողջությամբ՝  repairfuture.net



Նման նյութեր