Որքա՞ն արժե «անվճար ծննդօգնությունը». դրվագներ մի ֆեյսբուքյան գրառումից
Advertisement 1000 x 90

Որքա՞ն արժե «անվճար ծննդօգնությունը». դրվագներ մի ֆեյսբուքյան գրառումից

Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնությունն անվճար է, պետությունը հոգում է ծախսերը. ֆեյսբուքյան իր էջում ապագա մայրերին հիշեցրել է ԱՆ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) փորձագիտական, գնահատման և մշտադիտարկման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը: «Հաճախ ասում են՝ այո անվճար է, բայց ստիպված ենք վճարովի պալատ վերցնել, քանի որ անվճար ազատ պալատ չկա: Եթե դուք հրաժարվում եք վճարովի պալատից բուժհիմնարկը պարտավոր է տրամադրել ձեզ անվճար պալատ:

Ցանկացած հարցի դեպքում զանգահարեք Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով: Ձեր զանգերը շատ կարևոր են»,- գրել է նա:

Մասնագետի այս կոչին արձագանքել են ապագա և ներկա շատ մայրեր: Ըստ նրանց մեկնաբանությունների՝ անվճար համարվող ծննդօգնությունը մոտավորապես 200-300 հազար դրամ է արժենում, և խնդիրը միայն վճարովի պալատը չէ: Մի քանի մեջբերում այդ գրառումներից.

«Armine Simonyan -լավ պայմաններում, լավ մասնագետի մոտ ծննդաբերելը անվճար չէ, 200-300 հազար դրամ է կազմում: Հայաստանի մասնագիտացված հիվանդանոցներում, որտեղ երկրիս լավ գինեկոլոգներն են, 60հզ դրամ միայն 9 ամիս բժշկի հսկողությունն արժե, դոպլերը, որը պարտադիր է, 15-20 հզ արժե, ինչը շատ մայրիկներ չեն անում և արդյունքում ունենում են թերզարգացած երեխաներ… …այնպես որ ձրի պանիր միայն թակարդում կա։

Анна Манукян. Գումարած դրան, որոշ անալիզներ էլ են վճարովի, դե, էլ չասած, որ ուզում ես հենց քեզ 9 ամիս հետևած բժիշկը ծնունդն ընդունի առանձին պալատում, այլ ոչ թե օրվա հերթապահը, դա էլ 90.000 է։ Ընդհանուր՝ մի 200.000 կազմում է նորմալ պայմաններում ծննդաբերությունը։ Պլյուս որ անենք կողքդ պտտվող և բացեիբաց մաղարիչ ուզող անձնակազմին, թիվը ավելի կմեծանա։

Armine Simonyan. անվճար ծննդաբերում են ստիպված, հնարավորություն չունեցող կանայք, ովքեր մարզերից քաղաք չեն կարող հասնել…դուք մարզային հիվանդանոցները ու դրանց սարքավորումները տեսե՞լ եք…»:

Անձնական օրինակով բերված այլ փաստերում ևս գրեթե նույն թվերն են նշում: Ընդ որում, այս գները պաշտոնական են, և ներառված են բուժկենտրոնների գնացուցակներում։ Պատասխանելով մայրիկների գրառումներին, Աշոտ Սարգսյանը կրկին հիշեցրել է. «Պետությունը կնքում է պայմանագիր, կան նախարարի հրամաններ, որոնցում հստակ նշված է, թե ինչպես պետք է մատուցվեն ծառայությունները: Եթե բուժհաստատությունը ուզում է գումար վերցնել ծննդաբերության համար և կարծում է, որ քիչ է տրամադրում պետությունը, ապա կարող է հրաժարվել պետպատվերից և մասնավորի հիմունքով սահմանել գնացուցակ և տեղեկացնել ազգաբնակչությանը, որ իրենց մոտ ծառայությունները վճարովի են: Իսկ եթե ծննդատունը կնքել է պայմանագիր, ապա պետք է պահպանի կարգը»:

NEWS.am Medicine-ի հարցին, թե արդյո՞ք միայն թեժ գիծ զանգահարելը բավարար է, Աշոտ Սարգսյանը պատասխանեց, որ դա է օրինական ճանապարհը, նաև իրավական հիմքը՝ խնդրի հետքերով գնալու և լուծում տալու համար:

med.news.am