«Ես տան մեջ եմ մեծացել, չգիտեի` դոմիկն ինչ է», – Աստղիկն ամուսնությունից հետո տեսավ ու զգաց հետերկրաշարժյան Վանաձորի դոմիկային կյանքը: Հայաստանի հյուսիսը փլատակների տակ թողած երկրաշարժի տարում է ծնվել, աղետի գոտուց հեռու, բայց ընտանեկան կյանքը պետք է աղետալի պայմաններում սկսեր ու անցկացներ:
Կնոջ համար 8 տարի է, իսկ Բագրատն արդեն 28 տարի է դոմիկում է ապրում: Դոմիկում է կորցրել հորը. 54 տարեկանում մահացել է տան կենցաղային պայմանների պատճառով առաջացած հիվանդություններից: Բագրատի մայրն էլ ապրում է ծանր ախտորոշումով. 57-ամյա Անահիտ Ավետիսյանն արյան քաղցկեղ ունի:
Աստղիկն ու Բարգրատը 3 երեխա են մեծացնում: Աննան առաջին դասարանում է սովորում, որդին` Սերգեյը, 6 տարեկան է, իսկ տան կրտսերը 3-ամյա Անին է: Մնացականյան ամուսինները մշտական աշխատանք չունեն. ընտանիքի եկամուտը օգնության նպաստն է` 30 հազար դրամ, նույնքան է Բագրատի մոր` տիկին Անահիտի թոշակը:
«Ամուսինս հույս չուներ, բայց ես հավատում էի, որ Աստված իմ տան հույսը կդնի մի բարի մարդու սրտում ու կտա ինձ», – ասում է Աստղիկը: Նրա երազանքն իրականություն է: Վանաձորում ապրող Մնացականյանների 6 հոգանոց ընտանիքին բնակարան նվիրեց ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարերար Զարեհ Շահգալդյանը:
Բագրատն ու Աստղիկը 3 երեխաների և Անահիտ տատիկի հետ ժամ առաջ տեղափոխվեցին նոր տուն` հիմնովին նորոգված, կահավորված և կենցաղային տեխնիկայով համալրված, իսկ Վանաձորի կենտրոնում տեղակայված հետերկրաշարժյան դոմիկը հիմնովին կքանդվի` իր հետ տանելով Մնացականյանների 28 տարվա մղձավանջը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ