ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին այցելեց Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը, քննարկվեցին երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք վերահաստատեցինք նախկինում արձանագրված բոլոր պայմանավորվածությունների կատարումը։ Համագործակցության հիմնական ուղղությունները շարունակական են լինելու հակակարկտային պաշտպանության, հիդրոմետ ծառայության արդիականացման, սեյսմիկ անվտանգության ապահովման և այլ բնագավառներում», – նշեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Պաշտոնական այցի շրջանակներում նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելեց Արցախի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Ծառայության գլխավոր մասնաշենքում, հետևեցին մասնաշենքի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացան ահազանգների վիճակագրությանը և բնույթին, փրկարարների արձագանքման մեթոդներին: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Արցախի գործընկերներին՝ մասնավորապես քաղպաշտպանության կադրերի վերապատրաստման, նյութատեխնիկական բազայի կատարելագործման և այլ ուղղություններով: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Ծառայությանն անհատույց օգտագործման տրվեց «Մերսեդես Բենց» մակնիշի հատուկ փրկարար մեքենա։ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը գործընկերներին հանձնեց մեթոդական ձեռնարկներ՝ նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի, ինչպես նաև Ծառայության մասնագետների համար։ Շեշտվեց, որ ծառայության գործունեության ուղղություններից մեկը դա Արցախի Հանրապետության կառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստումն է, ինչպես նաև բնակչության ուսուցումը։ Վերոնշյալ գրականությունը կարող է նպաստել այս գործընթացին։ ՀՀ ԱԻՆ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ծառայության անձնակազմի վերապատրաստման և բնակչության ուսուցման հարցում։
ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանի ղեկավարությամբ շրջայց կատարեց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության Արևելյան ծառայություն /«ՍՊԱրԾ» ՊՈԱԿ/։ Շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին՝ մասնավորապես բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնում ծանոթացան բնակչության հետ տարվող աշխատանքների համար օգտագործվող մեթոդական բազային, և ձեռք բերվեց պայմանավորվածություն ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ի մեթոդական բազան օգտագործելու հարցում, ինչպես նաև ՍՊԱրԾ երիտասարդ գիտնականներին հնարավորություն կընձեռվի տպագրվել Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական հոդվածների ժողովածուում։ Շրջայց կատարվեց նաև շինանյութերի փորձարկման և հիդրոերկրաքիմիական և անալիտիկ լաբորատորիաների, ինչպես նաև «Ստեփանակերտ» համալիր կայանի տարածքներում։ Ծանոթացան վերոնշյալ լաբորատորիաների և կայանների ընթացիկ աշխատանքների առանձնահատկությունների և հիմնական խնդիրների հետ, ինչպես նաև քննարկվեցին հետագա զարգացման մի շարք հարցեր։
Պաշտոնական այցի ավարտին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը ևս մեկ անգամ հաստատեց երկու գերատեսչությունների միջև համագործակցության շարունակականությունը և հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն: