Բժշկականի ուսանողներին առաջարկել են բանակի ծառայությանը զուգահեռ ինտերնատուրայում սովորել
Advertisement 1000 x 90

Բժշկականի ուսանողներին առաջարկել են բանակի ծառայությանը զուգահեռ ինտերնատուրայում սովորել

Հուլիսի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են ԵՊԲՀ մի շարք ուսանողների բանակում ծառայության մասին հարցերը:

NEWS.am  Medicine-ի թղթակցի հետ զրույցում ԵՊԲՀ բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վարդան Շահինյանը պատմել է, որ այսօր ուսանողները հնարավորություն են ունեցել հանդիպելու Պաշտպանության նախարարության լիազոր ներկայացուցիչների հետ:

«Նախարարությունը մեզ իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ելք առաջարկեց՝ բանակում ծառայելու ժամանակ ինտերնատուրայում սովորել: Այսինքն ծառայության առաջին տարին մենք կարող ենք Երևանում ինտերնատուրա անցնել, իսկ հետո որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ ծառայության անցնել զորամասերում»,- ասել է նա: ՊՆ-ն նրանց առաջարկել է համապատասխան պայմանագիր ստորագրել, սակայն ուսանողները դեմ են:

«Ինտերնատուրայից հետո մենք ընդհանուր պրակտիկայի բժիշկ կդառնանք, այլ ոչ թե նեղ մասնագիտացման: Մենք առաջարկել ենք, որ ՊՆ-ն համարժեք պայմանագիր կնքի կլինիկական օրդինատուրայի վերաբերյալ, բայց այս առաջարկը ՊՆ–ն չի ընդունել»,- ասել է Շահինյանը:

Նրա խոսքով այս խնդրի վերաբերյալ ուսանողների գրավոր դիմումը հանձնվել է վարչապետին:

«Մեզ տեղեկացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցը քննարկել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ»,- ասել է Շահինյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին  ԵՊԲՀ-ի մի շարք ուսանողներ պիկետ էին անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպել վարչապետի հետ: Նրանց դժգոհութան պատճառը օրենսդրական փոփոխություններն էին, որոնց համաձայն ծառայությունից տարկետում ունեցող 4–րդ, 5-րդ, 6-րդ և 7–րդ կուրսի ուսանողները, որոնք անվճար համակարգում են սովորում, զրկվում են տարկետումից:

ԵՊԲՀ-ի ուսանողների պահանջն այն է, որ  նրանց հնարավորություն տան անցնել կլինիկական օրդինատուրա և միայն դրանից  հետո բանակ զորակոչվել:

med.news.am