«Ելք» խմբակցությունից Երևանի ավագանու խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը փորձում է օգնել աուտիկ երեխա ունեցող կնոջը, ով գրեթե առանց ապրուստի միջոցների հայտնվել է փողոցում:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Բախշյանը պատմել է, որ Ալեքսանդրիայի պատմության մասին իմացել է Արգավանդում գտնվող եկեղեցու հոգևորականից: Ինչպես հետագայում պարզվել է, Բախշյանն այդ ընտանիքի հետ դեռ մի քանի տարի առաջ է ծանոթացել՝ աուտիկ երեխայի երգեցողական տաղանդի շնորհիվ:
Այժմ Ալեքսանդրիան բարդ իրավիճակում է հայտնվել. ընկերուհին, ում տանը նա ապրում էր, վաճառել է բնակարանը և կինը զրկվել է բնակության վայրից:
«Ես սկսեցի հարցուփորձ անել և իմացա Պտղնի գյուղում տեղակայված հայ-ամերիկյան «Լայթ հաուզ» կազմակերպության մասին: Նրանք օգնում են փոքր երեխաներ ունեցող կանանց, բայց Ալեքսանդրիայի համար բացառություն են արել: Նա այնտեղ մոտ 2 շաբաթ է անցկացրել և ավելի երկար ժամանակով նրան չեն կարող թույլ տալ բնակվել»,- պատմել է Բախշյանը:
Այժմ Ավագանու խորհրդի անդամը փորձում է լուծել կնոջ բնակության հարցը: Նրա կարծիքով հարցը կարելի է լուծել հանրակացարանում սենյակ տրամադրելով:
«Նոր Նորք համայնքում գտնվող հանրակացարանները գտնվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում: Ես բազմիցս դիմել եմ կոմիտեին, բայց այդպես էլ պատասխան չեմ ստացել»,- նշել է Բախշյանը:
Ըստ հոգեբանների, իրավիճակը բարդացնում է այն, որ երեխան առանց մոր մի րոպե անգամ չի կարող մնալ: Սա բավականին դժվարացնում է հարցի լուծումը, քանի որ դրա պատճառով Ալեքսանդրիան չի կարող աշխատանք գտնել:
«Իմ հույսը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամն է: Այն, օրինակ կարող է վճարել Ալեքսանդրիայի բնակարանի վարձը: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք օգնել այդ կնոջը և նա այլևս չի հայտնվի փողոցում»,- նշել է Բախշյանը: