«Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է այս ընթացքում, դա պայքարելն է ՀՀԿ-ի դեմ: Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, էլի Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ-ի դեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Ըստ նրա՝ երկրի վարչապետից հասարակությունն ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան հավերժական պայքարն է նախկին իշխանությունների դեմ:
Ա.Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանը «փուռն է տալիս» իր այսօրվա քաղաքական դաշնակիցներին՝ ասելով, թե որոշ ուժեր բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը:
Նա նշեց, որ այդ հայտարարությունը զարմանալի է այն լրահոսի ներքո, որ գալիս է ՔՊ-ական գրասենյակներից, որտեղ ներգրավվում են նախկին ՀՀԿ-ականներ ակտիվիստներ, այսինքն՝ ՀՀԿ-ական այդ ակտիվն այժմ ամենաշատն աջակցում է «Իմ քայլը» դաշինքին:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ Ա.Աշոտյանը հակադարձեց. «Երբ քո երկրի վարչապետի բրյուսելյան այցը տապալված է և ԵՄ-ում մինչև հիմա դրա մասին խոսում են և հեգնում, դարդն ընդհանուր է և կարելի է լացել այդ դարդը, որ քո վարչապետը բարձունքի վրա չի գտնվել»: