Երևանի քաղաքապետի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ունեցվածքի մասին հայտարարագրերը: «Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է 12 թեկնածուների 2018 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ առկա միջոցները և պարզել, որ ամենահարուստ թեկնածուն «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանն է: Իրենց ունեցվածքով աչքի են ընկնում նաև Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արտակ Զեյնալյանը և Միքայել Մանուկյանը:
ՀՅԴ-ի թեկնածու Միքայել Մանուկյանը ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահն է: Դաշնակցության քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, որոնք գտնվում են Երևանի Պուշկինի փողոցում: Մանուկյանն ունի երկու ավտոմեքենա` Mersedes-BENZ S350L և Ինֆինիտի Q X4: Նա բավականին լուրջ դրամական միջոցներ ունի կուտակած՝ 21 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո:
«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆիի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի՝ Երևանի Նորք Մարաշ և Երզնկյան փողոցներում: Հովհաննիսյանն ավտոմեքենա չունի, իսկ դրամական միջոցները կազմում են 205 հազար դրամ և 15 հազար ԱՄՆ դոլոր:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը միանգամից երեք բնակարանի սեփականատեր է: Զեյնալյանի բնակարանները գտնվում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Նրա եկամուտները կազմում են մոտ 11 մլն դրամ, որից 7 մլն 300 հազարը նա ստացել է Ազգային ժողովից, 3,5 մլնը՝ արդարադատության նախարարությունից: Նա ունի նաև մոտ 5 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 2,3 հազար եվրո:
«Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը միայն Բաղրամյան պողոտայում մեկ բնակարանի սեփականատեր է և մյուսի համասեփականատեր, բնակարանին կից ունի նաև արհեստանոց: Նա հայտարարագրել է նաև տուն-թանգարան, որը գտնվում է Անտառային կոչվող թաղամասում: Նրա սեփականությունների ցանկում է նաև BMW 320I մակնիշի ավտոմեքենան: Անահիտ Թարխանյանը միայն «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացել է 20 մլն 400 հազար դրամ, իսկ «FM 105.5» ՍՊԸ-ից ստացել է 15 մլն դրամ: Բացի այս նա ունի նաև 18 մլն դրամի խնայողություններ: Նրան են պատկամում «ՖՄ 055» և «Ա-3 ճարտարապետներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 տոկոս բաժնեմասերը:
«Բարգավաճ Հայաստան» կուսկացության քաղաքապետ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա չունի շարժական և անշարժ գույք: Նա Ազգային ժողովից ստացել է 12 մլն դրամի աշխատավարձ, ունի 71 հազար ԱՄՆ դոլարի խնայողություններ: Նաիրա Զոհրաբյանը հաշվառված է Այգեձոր թաղամասում, բայց բնակվում է Աբովյան փողոցում: Այնուհանդերձ նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականին, երբ ստանձնել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է միանգամից երեք բնակարան՝ բազմաբնակարան շենքերում:
«Երևանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանը ունի մեկ բնակարան, մեկ առանձնատուն և երկու ավտոմեքենա: Նա Ազգային ժողովից որպես պատգամավոր ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաև ունի 2 մլն դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար:
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իր ունեցվածքով գերազանցում է մյուս թեկնածուներին: Նա ունի վեց բնակարան, որից մեկը Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ մնացածը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի տարբեր թաղամասերում: Պրահայում Հայկ Մարությանն ունի նաև առանձնատուն, երկու հողամաս, նաև ավտոտնակ Երևանի Հյուսիսային պողոտայում: Նա վարում է 2017 թվականի արտադրության «Պեժո Տարտնյոր ԹԻ ՓԻ» մակնիշի ավտոմեքենա, որի սեփականատերն է:
Հայկ Մարությանի եկամուտները գոյանում են Չեխիայում վարձով տրված վեց բնակարանների վարձավճարից: Վեց բնակարաններից նա ստացել է 30 մլն ՀՀ դրամին համարժեք չեխական կրոն: Քաղաքապետի թեկնածուն «Դիջիգեյմ» ՍՊԸ-ից ստացել է 1,5 մլն հոնորար, «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ 3 մլն 400 հազար, «Գուդ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ 9 մլն 600 հազար դրամ, «Պերսոնա գրատա» ՍՊԸ-ից էլ՝ 1,5 մլն դրամ: Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմում են 190 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո, 4 մլն 700 հազար ՀՀ դրամ և 500 հազար չեխական կրոն, որը համարժեք է 11 մլն ՀՀ դրամի:
Ամբողջությամբ՝ armtime.com