«Արենի» գինու և Գաթայի փառատոնների համար տարին հոբելյանական է: Այս տարի «Արենի» գինու փառատոնն անցկացվում է 10-րդ, իսկ Գաթայի փառատոնը՝ 5-րդ անգամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանընշեց, որ փառատոններն արդեն ճանաչված են, այցելուների բավական պահանջարկ կա:
«Ամեն տարի այցելուների թիվն այնպես է ավելանում, որ նույնիսկ տեղի խնդիր է առաջանում: Տուրօպերատորները փառատոնները ներառում են իրենց փաթեթներում, բազմաթիվ արտերկրյա տուրիստներ հաջորդ տարի գալիս են արդեն իրենց ընկերների հետ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ փառատոններն իրենց հիմնավոր տեղը գտնում են»,-ասաց Նունե Մանուկյանը:
Քանի որ տարին հոբելյանական է, հետևաբար փառատոնների ծրագրերն այս անգամ ավելի հագեցած ու բազմաժանր են: Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ «Արենի» գինու փառատոնին անցկացվելու է իսկական հարսանիք՝ հին հայկական ծեսով, նախատեսված է շքերթ, խաղող ճզմելու գործընթաց, ներկայացվելու են բազմապիսի գինիներ, լինելու է երգ ու պար և այլն: Այս տարի Արենիում միջոցառումները մեկ վայրում կենտրոնացված չեն լինի, այլ՝ տարբեր համայնքներում սփռված:
Արենի համայնքի Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Վարդան Ներսիսյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ է սկսել իրականացվել Գաթայի փառատոնը և հինգ տարի անց ազդեցությունն ակնհայտ է:
«Այս տարիներին համայնքի կյանքն աշխուժացել է, հյուրատներն են ավելացել, ենթակառուցվածքներն են զարգացել, ճանապարհներն են բարեկարգվել, այցելող զբոսաշրջիկների թիվն է ավելացել: Այնպես որ, միտումները գոհացուցիչ են»,- ասաց Վարդան Ներսիսյանը: Նա նշեց, որ Գաթայի փառատոնի ծրագիրը ևս հագեցած է լինելու. մշակութային միջոցառումներից զատ, համայնքի բնակիչները ներկայացնելու են իրենց բերքն ու բարիքը, արտադրանքը, պանրի տեսականին: Այս տարի փառատոնի շրջանակում թխվելու է 4 մ տրամագծով գաթա: Նախորդ տարի պատրաստված գաթայի տրամագիծը եղել է 3 մ 70 սմ:
Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ համայնքներն իրենք են նախաձեռնությամբ հանդես գալիս, իրենք են ներկայացնում զարգացման ծրագրեր:
«Այդ նպաստ ստացողի հոգեբանությունը մենք փառատոնների ու նման միջոցառումների շնորհիվ կարողանում ենք հաղթահարել: Համայնքի բնակիչները հասկանում են, որ իրենք պետք է գումար վաստակելու, համայնքը զարգացնելու, այն ճանաչելի դարձնելու քայլեր ձեռնարկեն»,- ասաց Խզմալյանը:
Նա նկատեց, որ նման փառատոնները մեծացնում են ներդրումային գրավչությունը: Դրանց շրջանակում ապահովվում է զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի համայնքներ, իսկ դա նշանակում է, որ ներդրողների մոտ ավելանում է վստահությունը:
«Արենի» գինու փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 6-ին Արենի համայնքում, Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 22-ին Խաչիկ վարչական շրջանում: