Ո՞վ է ասել, թե Հայաստանում միայն խորոված են պատրաստում, իսկ ձմռանը սահմանափակվում են ավանդական խաշով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կին Բրիջիթ Մակրոնը երբեք չեն հավատա դրան։ Երևանում նրանց ավոկադոյով ու փոքր ծովախեցգետիններով թեթև աղցան ու սիբաս ձուկ են հյուրասիրել։
«Բարձրաստիճան հյուրերի համար մեր տնօրենը Երևանում Ֆրանսիայի դեսպանատան խոհարարի հետ համատեղ հատուկ ճաշացանկ էր պատրաստել մեր ռեստորանի ճաշացանկի հիման վրա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Cascade Royal ռեստորանի մենեջեր Էմիլ Մուրադյանը։
Արդյունքում, Մակրոն ամուսիններին որպես հիմնական ուտեստ մատուցել են «Վյերժ» սոուսով սիբասի փափկամիս, բանջարեղենով բասմատի բրինձ նաև ավանդական իտալական աղանդեր` տիրամիսու։
Մուրադյանն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի նախագահը գոհ է մնացել ու առաջարկել է անձնակազմին միասին լուսանկարվել։
Եթե Մակրոն ամուսինները նախընտրություն տվել են ֆրանսիական խոհանոցին, ապա ավելի համարձակները որոշել են փորձել հայկական` սխտորով շռայլորեն համեմված ավանդական խաշը։
Գաստրոնոմիական խիզախները մեզ մոտ էին ժամանել ոչ պակաս էկզոտիկ Աֆրիկայից։
Պետք է նշել, որ խաշը մի ամբողջ արարողություն է. առանց համապատասխան հմտությունների ու պատրաստության հնարավոր չէ հասկանալ` ինչպես է պետք մոտենալ յուղալի արգանակին։
«Աֆրիկայից ժամանած բարձրաստիճան հյուրերը սկսեցին խաշ պատվիրելուց։ Նրանք, իհարկե, չգիտեին ինչպես է ճիշտ խաշ ուտել ու սկսեցին պարզապես չոր լավաշը ապուրի մեջ թաթախել։ Անձնակազմը ստիպված էր միջամտել», – ժպիտով պատմում է Pandok Yerevan–ի մենեջեր Վահագն Վանյանը։
Ֆրանսիայից ժամանած հյուրերին, որոնք ռեստորան էին այցելել, զարմացրել է մեկ այլ ավանդական ուտեստ` ղափաման։ Այն պատվիրել էին կողքի սեղանի մոտ նստած տեղացի հայերը։ Իսկ ֆրանսիացիները, տեսնելով դդումը, սկսել են լուսանկարել այն։
Վանյանը Sputnik Արմենիային ևս մեկ զվարճալի միջադեպ պատմեց` կապված աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ։ Նա նույնպես ֆրանսիական պատվիրակության կազմում Երևան էր ժամանել` Ֆրանկոֆոնիան մասնակցելու համար։
«Մեր ռեստորանից դուրս գալուց նա գրկեց իրենց սեղանը սպասարկող մատուցողուհիներին ու ասաց, որ հայ աղջիկներն աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներն են», – պատմեց Վանյանը։
Ջորկաեֆն այդ երեկո որոշել էր ուտել սովորական խորոված ու խմել հայկական գինի։ Երաժիշտները հատուկ նրա համար «Դլե Յաման» են նվագել։ Ֆուտբոլիստն այնքան էր հուզվել, որ խոստովանեց` Հայաստան է եկել ավելի շատ Շառլ Ազնավուրի, այլ ոչ թե գագաթաժողովի համար։
Լավ ախորժակով ու դյուցազնական կեցվածքով աչքի ընկան նաև ֆրանսիացի նախարարները։ Նրանք նույնպես հավանել էին ավանդական հայկական խոհանոցի ուտեսները, համտեսում էին այն Pandok Yerevan Riverside ռեստորանում։
Նախարարներից մեկը` 72–ամյա ֆրանսիացին, սպասարկող բոլոր մատուցողներին դիմավորում ու ճանապարհում էր ձեռքը ամուր սեղմելով, իսկ ողջունում էր ռուսերեն «добрый день» արտահայտությամբ։
«Այնքան ամուր էր սեղմում ձեռքը, որ մատները նույնիսկ ցավում էին», – ծիծաղով ասում է հաստատության փոխտնօրեն Լևոն Ասլանյանը։
Նախարարին վախենում էին մոտենալ, վերջում նրա մոտ են ուղարկում անձնակազմի ամենաուժեղ տղային, որ նա կարողանար նույնքան ուժեղ պատասխանել։ Ֆրանսիացուն հաջողվեց զարմացնել։ Վերջում նա բացականչեց. «Այ քեզ տղամարդ»։
Հայկական հյուրընկալությունն ու խելացի մարդիկ տպավորել էին նաև Սենեգալի հանրապետության պատվիրակությանը, որի անդամները երկարացրել են իրենց հայաստանյան այցը երեք օրով։
«Սենեգալցիները հավանել են մեր հյուրընկալությունը, ինտելեկտը, լեզուների իմացությունը, նաև երկիրը։ Նրանք մեր ռեստորանում համտեսեցին խուրջին, Էրզրումի ղափամա, տոլմա, քյուֆթա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Lavash ռեստորանի մատուցող Լիանա Նիկողոսյանը։
Որքան էլ տարօրինակ հնչի` հյուրերին ամենաշատը զարմացրել ու հիացրել էր սովորական լավաշով բրդուճը։ Լիանան անձամբ սովորեցնում էր օտարերկրացիներին պանիրը լավաշի մեջ փաթաթել։
Իսկական տղամարդու պահվածք դրսևորեց Կատարի վարչապետ Աբդուլահ բին Նասերը։ Sherep ռետորանի տնօրեն Մերի Գրիգորյանն ասում է, որ երբ հյուրը ճաշում էր իրենց մոտ, ռեստորանում ուրիշ երկրի մեծ պատվիրակություն ու ևս մի քանի այցելու կար։
«Նա կանչեց մեր մենեջերին ու ասաց, որ ուզում է փակել բոլոր հյուրերի հաշիվը։ Մնացածն, իհարկե, սկսեցին դիմադրել, բայց «ազգամիջյան մարտերի» արդյունքում վարչապետը հաղթեց։ Նա վճարեց բոլորի փոխարեն», – ասաց Գրիգորյանը։
Քանի դեռ որոշ հյուրեր «վիճում» էին, իսկ ոմանք էլ սիրո խոստովանություն անում հայուհիներին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ տարբեր երկրների տասներկու առաջին տիկիններ հայկական ավանդական ուտեստներ էին համտեսում ու Megerian Carpet–ում ծանոթանում գորգագործության տեխնիկային։
«Մատուցվել է ժենգյալով հաց, «ջրահարս» (ձուկ` հոնով, կոնյակով, կանաչ սոխով), ուտեստ հորթի մսից, գառան մսից, սերկևիլից ու սմբուկից ռուլետ։ Աղանդերը` ղափամա էր», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Նա խոստովանեց, որ կանայք հիացած էին հայկական ուտեստների համով ու գորգագործության արվեստով։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են բազմաթիվ հյուրեր` աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց թվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` կնոջ` Բրիջիթ Մակրոնի հետ, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը և այլ բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից: