Հոգեբանի հոդվածն ամենակարևոր զգացմունքի՝ փոխադարձության մասին է։
Մի անգամ ես կարդացել էի, որ տղամարդու և կնոջ միջև սերն ի հայտ է գալիս միանգամից ու միաժամանակ։ Եվ ես դրա հետ համաձայն եմ։
Այն, ինչ համաժամանակյա չի տեղի ունենում, շատ բան կարող է լինել, բայց դրանից հազիվ թե սեր ծնվի։
Դուք կարող եք հակառակվել, թե շատ զույգեր գիտեք, ուր զույգից մեկն է սկզբում շատ սիրել, հետո որոշ ժամանակ անց նոր՝ մյուսը։ Թույլ տվեք չհավատալ։ Ավելի շուտ ես հակված եմ հավատալ, որ երկրորդ կեսի մոտ իրերի այդ դասավորվածության դեպքում ի հայտ են եկել ինչ-որ երկրորդական, հնարավոր է, չգիտակցված շահեր հարմարությունների, հարմարավետության, ապագայի նկատմամբ վստահության, միայնության վախից ազատվելու տեսքով։
Քիմիան, ֆլյուիդները, սիրահարվածությունը միանգամից են ի հայտ գալիս, երբ հանդիպում են երկուսը, ովքեր ի վիճակի են զույգ կազմել։ Փաստ չէ, որ նրանց համբերությունը, դիմացկունությունն ու միմյանց ընդունելու աստիճանը կբավականացնեն, որ հարաբերությունները զարգացնեն մինչև սեր, բայց Աստված նրանց հաստատ նման հնարավորություն տվել է։ Տեղի է ունենում հանկարծահաս, վայրկենական շղթայում։ Երկուսն էլ զգում են, երկուսն էլ հասկանում են, երկուսի համար էլ հետաքրքիր է։
Եթե ձեզ մոտ առաջին ժամադրություններից հետո սկսվում է «խոստացավ, չզանգեց», «ասաց, չեկավ», «հաղորդագրությունը ստացավ, չպատասխանեց», «մի ամիս մտածեց հարաբերությունների մասին» կարգի հիմարություն, պատրանքներ մի ունեցեք։ Դա իսկապես հիմարություն է։ Դա նշանակում է՝ այդ կայծը ձեր մեջ չի բռնկվել։ Այդ պահից սկսած՝ դուք կսկսեք դժվար ու բարդ կառուցել հարաբերություններ, ընդ որում՝ նրա հետ, ում դուք առանձնապես պետք չեք։
Երբ մարդիկ զգում են այդ քիմիան, նրանք երկուսն էլ աշխատում են պահպանել միմյանց զգացմունքները։ Մյուսը հանկարծ չի անհետանա, քանի որ զգում է, թե որքան ցավոտ կլինի ձեզ համար։ Մյուսն անպատասխան չի թողնի ձեր հաղորդագրությունը, քանի որ փայփայում է ձեր վերաբերմունքն ու ձեր տրամադրությունը։ Մյուսը չի պնդի ազատ հարաբերություններ ունենալ միայն այն պատճառով, որ չի կարողանա այլևս, բացի ձեզնից, որևէ մեկի մասին մտածել։ Դուք չեք անհանգստանա այն մասին՝ կա՞ արդյոք ձեր միջև կապ, քանի որ անընդհատ կստանաք ձեզ հետ կապված զգացմունքների և էմոցիաների հավաստումներ։ Մյուսը ձեզ հետ անկեղծ ու ազնիվ կլինի, և դուք ինքներդ էլ կցանկանաք այդպիսին լինել։
Գիտեք, ինձ թվում է, մենք ամեն տեսակի հիմարության մեջ ընկնում ենք միայն մեկ պատճառով. մենք համբերություն չենք ունենում սպասել հենց այն միակին։ Եթե երիտասարդ տարիներին մենք դեռ ինքներս մեզ չենք հասկանում, ու չենք հասկանում, թե մեզ ով է պետք, ու դրա համար էլ երջանկության փոխարեն՝ փորձ ենք ստանում, ապա հասուն տարիքում և՛ համբերության, և՛ ազատության, և թե՛ ներքին երջանկության հետ ամեն բան ավելի լավ է։
Դուք կարող եք հարցնել, թե ինչ անել նրանց հետ, ովքեր չսպասեցին, ովքեր թե 40, թե 50, և թե 60 տարեկանում միայնակ մնացին։ Պատասխանեմ։ Այստեղ կարող են տարբեր դեպքեր լինել։ Մեկը մտածել է, որ բավական է սպասել, ու հիանալի դասավորել է իր կյանքը միայնության մեջ։ Ինչ-որ մեկն էլ մտածում է, որ բոլոր տղամարդիկ/կանայք… են, ու դադարել են մարդկանց տեսնել այնպիսին, ինչպիսին որ նրանք կան։ Այդ կերպ նրանք իրենք են ընդունել միայնակ մնալու որոշումը, ու նրանց հետ ոչինչ անել հնարավոր չէ։
Բայց կան այլ մարդիկ, որոնց համար կյանքը հրաշալի է ցանկացած տարիքում. Նրանք գնահատում են յուրաքանչյուր վայրկյանն ու զգացողությունը, սիրում են աշխարհը ու հավատում, որ ինչ-որ տեղ ապրում է երկրագնդի 7 միլիարդ մարդկանցից այն մեկը, ում կերպարը համապատասխանում է իրենց պատկերացումներին։ Ինչ-որ մեկը կարողանում է լսել քեզ, սովորում է օտար լեզու ինչ-որ մի անբացատրելի մղումով, իսկ հետո երջանկություն է գտնում ուրիշ երկրում։ Մեկ ուրիշն էլ հոդվածներ է գրում, որոնք ինչ-որ կերպ տարածվում են ողջ համացանցով մեկ, և այդպես նրան գտնում է իր մարդը։ Ինչ-որ մեկն էլ գիտական գործունեությամբ է զբաղվում ու մի անգամ որևէ կոնֆերանսի ժամանակ գտնում է իր ճակատագիրը։ Յուրաքանչյուրն իր բաղադրատոմսն ունի։
Ամենակարևորն այն է, որ հավատաք՝ հենց այն մեկը, ձերը, ձեր կյանքի կեսն արժանի է, որ դուք նրան սպասեք, նա արժանի է, որ դուք ապրեք ու հավատաք։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը