«Պատրանքների տրվելու իրավունք չունենք». april2016.am
Advertisement 1000 x 90

«Պատրանքների տրվելու իրավունք չունենք». april2016.am

Զրույց ռազմական փորձագետ, 2016 թ. ապրիլին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ:

– Պարո՛ն Ջամալյան, ինչպե՞ս կբնութագրեք ապրիլյան մարտական գործողությունները` պատերա՞զմ, մարտական գործողություննե՞ր, թե՞ լայնամասշտաբ դիվերսիա։

– Մասնագիտական շրջանակներում այդ բնութագիրը տրված է` «ապրիլյան քառօրյա մարտական գործողություններ»։ «Քառօրյա պատերազմ» եզրը գուցե պատկերավոր է, բայց ռազմագիտական առումով ճշգրիտ չէ։ Իսկ ահա իրավաքաղաքական առումով ճշգրիտն «Արցախի դեմ ադրբեջանական երկրորդ ագրեսիա» եզրն է։

Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ պատկերացում, որը տիրապետող կլիներ մեզանում, չկա։ Ընդհակառակը` առկա է ադրբեջանական ագրեսիայի սկզբի, ընթացքի, մարտական գործողությունների ելքի մասին տեղեկությունների խառնաշփոթ…

– Յուրքանչյուր մարտական գործողություն ունի որոշակի նպատակ, ըստ այդմ՝ ո՞րոնք էին ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի հիմնական նպատակները։

– Արցախի ողջ տարածքն օկուպացնելու հույս, կարծում եմ, հակառակորդը չի ունեցել։ Իրատեսությունը բավարարել է հասկանալու համար, որ դա անհնարին է։ Նպատակը հնարավորը զավթելն էր և ըստ այդմ` բանակցային գործընթացում նպաստավոր դիրքերից որպես պարտադրող հանդես գալը։ Իրենց ընկալմամբ իրատեսական նպատակը եղել է հարվածի բոլոր ուղղություններով տասը-տասնհինգ կիլոմետր խորությամբ մխրճվելը։

Կարծում եմ՝ ագրեսիա սանձազերծելու պահին նախագահ Ալիևը չուներ իրականությանը համարժեք պատկերացում ուժերի հարաբերակցության, Արցախի ՊԲ և սեփական զինված ուժերի մարտունակության իրական մակարդակի վերաբերյալ։ Ըստ ամենայնի` ագրեսիայի որոշումը կայացվել է ցանկալին որպես իրականություն ներկայացնելու տրամաբանությամբ գրված զեկույցների հիման վրա։

Այդուհանդերձ, կարծում եմ՝ ապրիլյան մարտերը սթափեցնող ազդեցություն ունեցան ալիևյան կլանի վրա։ Որքան էլ որ Բաքվում մարտերի ելքը ներկայացնեն որպես հաղթանակ, այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ ալիևյան նեղ շրջանակում իրական հաղթանակի հանդեպ հավատը կոտրվեց։

– Որպես ռազմական փորձագետ ի՞նչ գնահատական կտաք Պաշտպանության բանակի պաշտպանական գործողություններին։

– Գրագետ, արհեստավարժ։ Կազմակերպվել է ակտիվ պաշտպանություն, ընդ որում՝ նախապատվությունը տրվել է կանխարգելիչ հարվածներին։

Հարցազրույցը՝ Վլադիմիր Պողոսյանի

2017թ., ապրիլ

Ամբողջությամբ՝ april2016.am

 



Նման նյութեր