
Ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունց.
Անձնական երջանկություն
Եկել հասել եմ մի տեղ, որ երջանիկ եմ, երբ իմ խղճի հետ համերաշխ եմ: Խղճի հանգստությունն ամենամեծ երջանկությունն է: Ժվանեցկին ասում է` «Եթե ձեր խիղճը մաքուր է, ուրեմն վատ հիշողության ունեք»: Լինում են երջանկության զգացողության բռնկումներ: Բայց երջանիկ լինելու մեջ էգոիստական բան կա: Ես չեմ էլ ուզում երջանիկ լինել: Մեկը կարող է երջանիկ լինել շատ ուտելով, մյուսը` շատ կանանց հետ սիրավեպեր ունենալով, բայց սա չի նշանակում, որ երջանկության փնտրտուքի մեջ պետք է դառնալ որկրամոլ կամ կնամոլ: Ինձ սրտիս խաղաղությունն է ուրախացնում:
Մասնագիտական երջանկություն
Շատ են եղել լավ ելույթներ, համերգներ հայտնի ջազային խմբերի եւ աշխարհահռչակ ջազային կատարողների հետ. դա. իհարկե, երջանկություն է: Վերջին երեք համերգներին էլ երջանիկ էի: Բայց դա արդեն եղավ ու անցավ: Չեմ ֆիքսվում անցյալի վրա: Նորմալ է, որ համերգը լավ անցավ, նորմալ է, որ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը փայլուն ելույթ ունեցավ: Այդպես էլ պիտի լիներ: Ես նվագախմբի գեղարվեստական ղեկավարն եմ եւ այնքան խնդիրներ ունեմ` ինչպե՞ս լուծել երաժիշտներին մարդավայել վճարելու հարցը, ինչպե՞ս լուծել ձայնագրության խնդիրները, ինչպե՞ս լուծել դահլիճի վարձակալության խնդիրը, որ նվագախումբը փորձեր անի, ի՞նչ անել, որ երաժիշտները չզզվեն ու չթողնեն գնան երկրից: Էսօր հիշեցի, որ վերջին օրերին, ճիշտ է, ունեցել եմ ակտիվ համերգային շրջան, բայց արդեն հինգ օր է` չեմ հասցրել մոտենալ իմ գործիքին:
Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն
Երջանիկ լինելու կարեւոր պայմանը սերն է, սիրելու ունակությունը: Սիրել կարող է հավատավոր մարդը. գուցե սա ծայրահեղ բնորոշում է, բայց ես այդպես եմ կարծում: Ի՞նչ է նշանակում սիրել: Ինչի՞ պիտի ընդունակ լինի սիրող մարդը: Զոհողության: Պատրաստ լինել զոհելու կարեւոր բաներ հանուն սիրելի մարդու: Եթե մարդը դիմացինի, անգամ անծանոթի համար որեւէ բան զոհելու, տարրական բաներ զիջելու ունակ չէ, հանրության մեջ չի կարող երջանկություն լինել: Սա ասում եմ հասարակության մեջ հորիզոնական հարաբերությունների համար: Իսկ վերից վար` իշխանություն-հասարակություն հարաբերությունների դեպքում երջանիկ հարաբերություններ կլինեն այն դեպքում, երբ իշխանությունը հասկանա, որ կառավարումը իշխանական լծակների էգոիստական չարաշահումը չէ, այլ`մաքսիմալ պատասխանատվությամբ ծառայությունը հանուն հասարակության, պետության շահերի: Իշխանությանը քննադատելու մասով`քննադատության երկու տեսակ կա`շտկող-սթափեցնող եւ չարացնող:
Ամբողջությամբ՝ armtimes.com