Life.panorama.am-ը զրուցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ազիզյանները» սիթքոմի պրոդյուսեր, դերասան Հայկ Մարությանի հետ:
Հարցին՝ի՞նչ արձագանքներ է լսել նոր սիթքոմի վերաբերյալ եւ արդյոք նրա սպասելիքները արդարացված են, դերասանը պատասխանեց. «Քանի որ դեռեւս միայն կաբելային հեռարձակմամբ է հնարավոր տեսնել «Ազիզյանները», ուստի իմ ընտանիքն էլ շատերի նման սպասում է ավանդական հեռուստատեսային ցուցադրությանը, որը հույս ունեմ շատ չի ուշանա: Ինչ վերաբերվում է արձագանքներին` պետք է ասեմ, որ ի զարմանս ինձ դրանք արդեն բավականին շատ են: Կարծում էի, քանի դեռ հեռուստատեսությամբ չի հեռարձակվել, ավելի քիչ մարդիկ կդիտեն, բայց արի ու տես, որ հակերները հասցրել են տարածել համացանցում ու դիտողներն էլ բավականին շատ են: Ինքս իմ բոլոր աշխատանքների վերաբերյալ ավելի շատ հետաքրքրվել եմ անծանոթ մարդկանց կարծիքներով, քանի որ մտերիմներիս վերաբերմունքը շատ սուբյեկտվիվ կլինի: Ինչեւէ, ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում բանկում, խանութում, անգամ տարադրամի փոխանակման կետում ինձ անծանոթ մադիկ են մոտեցել ու ասել, որ շատ են հավանում մեր նոր աշխատանքը, ինչն, իհարկե, շատ ոգեւորիչ է»:
Մեր նկատառմանը` շատերը կարծում են, թե «Ազիզյաններ»-ում գռեհիկ ու ցենզուրայից դուրս հումորներ են արվում, Հայկ Մարությանը ընդգծեց.
«Սկսած «Կարգին հաղորդումից», մինչեւ «Սուպեր մամա» մենք ոչ մի անգամ չենք աշխատել երեխաների համար: Միշտ էլ մեր արտադրանքները նախատեսված են եղել 12 տարեկաններից բարձր հեռուստադիտողի համար: «Ազիզյանները» եւս բացառություն չէ, մենք հավատարիմ ենք մնում հումորի մեր տարբերակին, որը տարիներ շարունակ եղել է: Մենք հայտարարում ենք, որ մեր արտադրանքը երեխաների համար չէ, իսկ ծնողները ընտրում են` թույլ տան իրենց երեխաներին դիտել այն, թե ոչ: Միաժամանակ նշեմ, որ մինչ այսօր հնչած կարծիքներում երբեք չեմ լսել, թե «Ազիզյաններ»-ում գռեհիկ հումոր կա, ու ինքս էլ չեմ կարծում, որ մեր հնչեցրած հումորը ցենզուրայից դուրս է: Միշտ ասել եմ, եթե սեղանի շուրջ ցենզուրայից դուրս անեկդոտ ես պատմում ու բոլորը ծիծաղում են` առանց կենտրոնանալու ցենզուրայի վրա, նշանակում է անեկդոտդ որակով է ու ծիծաղելի, իսկ եթե անեկդոտը հետաքրքիր ու ծիծաղելի չէ, ապա ամենաչնչին բառը ցենզուրայից դուրս կորակվի. յուրաքանչյուր հումորային նախագծում գլխավորը որակն է»:
Առաջնորդող լուսանկարը՝ blognews.am-ի:
Ամբողջությամբ՝ life.panorama.am