Հայտարարությունն անտեղին էր. Ալեն Սիմոնյանը՝ գործընկերոջ հարցի մասին. armdaily.am
Advertisement 1000 x 90

Հայտարարությունն անտեղին էր. Ալեն Սիմոնյանը՝ գործընկերոջ հարցի մասին. armdaily.am

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ին ծառայած մամուլի խոսնակը ազնվորեն կարո՞ղ է ներկայացնել նրա աշխատանքը։

Խոսքը նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի մասին է։ Լուրը տարածվեց համացանցում և քննադատության արժանացավ։Շատերը նշեցին, որ «Իմ քայլի» պատգամավորներն անգիտակցաբար իրենց կրակն են գցում։ Հիշեցնենք, որ վերջերս խմբակցության պատգամավորներից Լուսինե Բադալյանն էլ քննադատել էր լրատվամիջոցներին և հորդորել կուսակիցներին հետևել այն լրատվամիջոցներին, որոնք իր կարծիքով, ոչ սերժական, ոչ քոչարյանական, ոչ էլ հակահեղափոխական են։

Armdaily.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ Աբրահամյանի տեսակետը չի համընկնում իշխանության մոտեցման հետ։ «Համաձայն չեմ Գայանե Աբրահամյանի հետ։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունն անտեղին էր։

Դա ընդհանուր մեր մոտեցումներին և հայտարարաած տրամաբանությանը համահունչ չէր։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ պետք չէ խնդիրն այդքան ուռճացնել»։ Այն դիտարկմանը, թե համացանցում խոսվում է, որ շատ գերատեսչությունների մամուլի խոսնակներին, մասնավորապես Աննա Օհանյանին, ընտրել է հենց Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց.«Բացառված է։

Ես այն նախարարին, որի մամուլի խոսնակն Աննա Օհանյանն է, չեմ էլ ճանաչել։ Ընդհանրապես նման զրույց էլ չեմ ունեցել նախարարի հետ»։

Հարցին՝ ճանաչում է Աննա Օհանյանին և ինչպես է գնահատում նրա աշխատանքը, Սիմոնյանը նշեց.«Այո, ճանաչում եմ և շատ լավ եմ վերաբերվում։ Նրան համարում եմ լավ և արհեստավարժ մասնագետ, որն իր գործը շատ լավ է անում»։

armdaily.am



Նման նյութեր