Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
«Ներկայիս Վանաձորի տարածքում գոյություն ունեցած հնագույն բնակավայրերից նշանավորը Թագավորանիստն է, որը բնակեցված է եղել դեռեւս երկաթի դարում։ Այն բրոնզի դարաշրջանում եղել է մեծ ու ամրակուռ պարիսպներ ունեցող բնակավայր եւ այդ ժամանակ էլ հասել աննախադեպ ծաղկման։ Միջնաբերդը գտնվել է Փամբակ ու Տանձուտ գետերի միախառնման վայրում գտնվող բլրի վրա։ Վերջինս տեղացիները մինչ օրս անվանում են Թագավորանիստ եւ անվան առաջացումը կապում Տիգրան Մեծի, Աշոտ Բ Երկաթի, իսկ ավելի հաճախ Աշոտ Գ Ողորմածի անվան հետ։
Ավանդազրույցներից մեկի համաձայն, երբ Աշոտ Գ-ի (953-977) կինը Խոստովանուշ թագուհին, իր որդիների արեւշատության համար կառուցում էր Սանահինի ու Հաղպատի վանքերը եւ հաճախ էր լինում այնտեղ, արքայի հետ կանգ էին առնում եւ հանգրվանում Անի-Հաղպատ ճանապարհի աջ կողմում ընկած անտառապատ բլրի վրա գտնվող ամրոցում (Վանաձորի հարավ-արեւելքում)։
Մեր թաղի (Ջուխտ ախպուր) տարեցները համոզմունքով պատմում էին, որ Տիգրան Մեծը թաղված է Թագավորանիստում (Տիգրանի, ինչպես նաեւ Աշոտ Գ-ի այս կողմերում գտնվելու մասին գրավոր տեղեկություն չի հասել): Բլրի արեւմտյան մասում կար մի փոքր հուշաքար (տեսանելի էր Ցակուտից, Ջուխտ ախպուրից, Շուկայի թաղից), որի շրջակայքում գանձագողերը քանիցս հարստություն են որոնել (հետքերը մնում են)։
Դեռեւս նոր քարի դարի ժամանակներից բնակեցված է եղել նաեւ ներկայիս Դիմաց թաղամասի տարածքը։ Այդ մասին են վկայում պեղումների ժամանակ բացված դամբարանները։ Հիշյալ տարածքներում հայտնաբերվել են նեոլիթի ու վաղբրոնզեդարյան մշակույթի բացառիկ գտածոներ, որոնց մի մասը գտնվում է
Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանում (ք. Վանաձոր)։ Դրանց մի մասը Հայաստանից դուրս է բերվել։
1930-1980-ական թթ. Կիրովականում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ բացառիկ արժեք ներկայացնող հուշարձանների զգալի մասը ոչնչացվել է։ Դրանց տեղում կառուցվել են բնակելի շենքեր ու այլ շինություններ»։