Ժողովրդական արտիստ ու այդ կոչման բովանդակությանը լիովին համարժեք՝ հայրենակիցների սերը, հարգանքն ու ճանաչումը վայելող դերասան Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է: Այո, մեր ու մեր ծնողների, տատիկ-պապիկների սիրելի դերասան Արմեն Խոստիկյանն այսօր կբոլորեր 90-ամյակը:
Դժվար է ասել, թե հայրենի թատրոնի բեմը, նաև կինոն ինչպես կլրացներ խոստիկյանական ուրույն հմայքը, եթե ինքը՝ Արմեն Խոստիկյանը հեռավոր 1947-ին շարունակեր ուսանել բժշկական ինստիտուտում: Նա, անկասկած, ամենասրտամոտ ու ամենակարեկից բժիշկը կլիներ իր հիվանդների ու այցելուների համար: Ու էլի՝ շատ սիրված:
Բայց, ինչպես ժամանակակիցներն են հիշում, մի օր բժշկականի դասախոսություններից մեկի ժամանակ ուսանող Խոստիկյանը վատ է զգում ֆորմալինի լուծույթի սպեցիֆիկ հոտից: Եվ, եթե դասախոսը բարձրաձայն մտածում է, թե նրանից բժիշկ դուրս չի գա, համակուրսեցիներից մեկը ավելի բարձրաձայն նկատում է, որ Արմենը արտիստ է:
Պատմությանն անհայտ է մնացել, թե այդ համակուրսեցին հետագայում ինչ հաջողությունների է հասել բժշկության ասպարեզում, բայց ակներև է, որ Արմեն Խոստիկյանի վերաբերյալ «ախտորոշումը» առավել քան դիպուկ է եղել ու նաև՝ ցմահ:
Եվ Արմեն Խոստիկյանը 1947-ին արդեն Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանող էր՝ Արմեն Գուլակյանի կուրսում:
Այն ժամանակ, երբ Արմեն Խոստիկյանը բեմ ելավ, հայրենի թատրոնում ու կինոյում չկային «աստղեր», այլ կային Մեծեր. իսկապես՝ Մեծեր:
Իսկ Արմեն Խոստիկյանը յուրահատուկ հմայքով, ինչպես ասում են՝ «աստղով» դերասան էր:
Արմեն Խոստիկյանն ու Մհեր Մկրտչյանը
Շնորհակալություն՝ հատկապես անուրախ տարիներին մարդկանց անսահմանափակ քանակությամբ ժպիտ պարգևելու ու լավատեսություն հաղորդելու համար, ուրախության պրոֆեսոր և ծիծաղով բժշկող սիրելի Արմեն Խոստիկյան:
Շնորհավոր տարեդարձդ: