Նորվեգիայում կարող է ստեղծվել աշխարհում առաջին «առանց ժամանակի» գոտին
Advertisement 1000 x 90

Նորվեգիայում կարող է ստեղծվել աշխարհում առաջին «առանց ժամանակի» գոտին

Նորվեգական կղզին, որտեղ բեւեռային օրը տեւում Է մայիսի 18-ից մինչեւ հուլիսի 26-ը, ցանկանում Է այդ ժամանակաշրջանում հրաժարվել ժամանակից: Այդ մասին հայտնել Է CNN-ը:

Ամառային արեւակայության գալով՝ Սոմմարյոյ (թարգմանաբար նշանակում Է «Ամառային կղզի») կղզու բնակիչները պլանավորում են «իրենց հայտարարել աշխարհում առաջին «առանց ժամանակի գոտին»:

Վերապրելով նոյեմբերից մինչեւ հունվար տեւող երկար բեւեռային գիշերը, երբ արեւն ընդհանրապես չի ծագում, նրանք առավելագույնս օգտագործում են ամառային ամիսները՝ ուշադրություն չդարձնելով ժամացույցին: «Մեզ մոտ մշտապես ցերեկային լույս Է, եւ մենք ապրում ենք դրան համապատասխան»,-ասում Է կղզու բնակիչ Քիել Ուվե Հվեդինգը:-Օրինակ՝ գիշերվա ժամը 2-ին դուք կարող եք տեսնել, թե ինչպես են երեխաները ֆուտբոլ խաղում, մեծահասակները ներկում տները կամ հնձում սիզամարգերը, իսկ դեռահասները գնում են լողալու»:

Հունիսին Հվեդինգը հանդիպել Է Նորվեգիայի պատգամավորների հետ, որպեսզի նրանց հանձնի տեղի բնակիչների ստորագրած հայտարարությունը եւ քննարկի նախաձեռնության գործնական ու իրավական հարցերը: Կղզու բնակիչները հույս ունեն ճկուն գրաֆիկ սահմանել դպրոցներում եւ աշխատավայրում: Մանավանդ որ 300 մարդուց քիչ ավելի բնակչություն ունեցող կղզու հիմնական ճյուղերն են՝ զբոսաշրջությունն ու ձկնորսությունը: Սոմմարյոյ տանող կամուրջին արդեն այժմ ժամացույցներ են կախ տված: Այստեղ ժամանած մարդիկ այդ կերպ ցուցադրում են, որ իրենք մոռանում են ժամանակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: