15 ամսում ոչինչ արված չէ, մեզ պետք է շուրջ 100 ինստիտուցիոնալ ռեֆորմ, 300-350 ստարտափ․ Հրանտ Բագրատյանը՝ կառավարությանն ներկայացրած թվերի մասին
Advertisement 1000 x 90

15 ամսում ոչինչ արված չէ, մեզ պետք է շուրջ 100 ինստիտուցիոնալ ռեֆորմ, 300-350 ստարտափ․ Հրանտ Բագրատյանը՝ կառավարությանն ներկայացրած թվերի մասին

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության ներկայացրած թվերին, նշելով, բարեփոխումների բացակայությունը գործող կառավարությանը բնորոշ է։

«Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։ Դա փոխհատուցվում է վիճակագրական թվերը սուտի ոլորտների (վիճակախաղ և այլն) հաշվին ուռճացնելով։ Մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ և 300-350 մակրոտնտեսական ստարտափ։ 15 ամսում ոչինչ արված չէ։ Ստորև ներկայացնում եմ ևս մի քանի ստարտափ։

Վերականգնել օդային ոլորտում օդանավակայանի, ավիափոխադրողի և ավիավառելիքի (նավթի) մատակարարումների պարտադիր տարանջատումը 1993-ին իրականացված բարեփոխումների ոգով։ 1998-ից հետո Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիայի առնչությամբ այն խախտվել է։

Օդանավակայանը նաև ավիանավթ է մատակարարում։ Ի դեպ, նույն բարեփոխումը 1993-ին արվել է էլեկտրաէներգետիկայի ասպարեզում. գեներացիան տարանջատվել է բարձրավոլտից, իսկ վերջինս մանրածախ ցանցերից։ Առաջիկայում այս սկզբունքի խաթարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման խափանմանը։ ՀՀ-ն տարածաշրջանում գրեթե միակ երկիրն է, որտեղ ոչ ավանդական էներգետիկան (արև, քամի) գրեթե 0-կան վիճակում է։ Եվրոպական երկրները, Ուկրաինան և Վրաստանը արդեն 3-15% սահմանագծի վրա են։

Ավիացիայի ոլորտում մենաշնորհային ծառայությունների առկայության դեպքում (օրինակ, Զվարթնոց օդանավակայանի վերգետնյա ծառայությունները) դրանց սակագները պետք է հաստատվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

Բաց երկնքի քաղաքականությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվել է հապճեպ և առանց նախապատրաստությունների։ Արդյունքում օտարերկրյա ավիափոխադրողները Հայաստանում ստանում են ոչ դիսկրիմանացիոն ռեժիմ, իսկ ահա հայկական ավիափոխադրողներին նման ռեժիմ չի տրամադրվում։ Սա անընդունելի է։ Մեր ավիափոխադրողները պետք է ստանան նույն իրավունքները։ Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ ինքնախարազանում։ Նպատակը հայկական ավիացիայի ոչնչացումն էր։ Ու այդպես էլ եղավ։

Հարկ ենք համարում նշել նաև օդի հարկի պարագան։ Անհասկանալի է նման հարկային գործիքի առկայությունը միայն օդային կապով աշխատող երկրում։ Ի՞նչու պետք է այս պարագայում ավիացիան լրացուցիչ հարկավորվի։

Միայն այս առաջարկները կարող են շեշտակիորեն ավելացնել ավիափոխադրումները, վերականգնել ազգային փոխադրողներին և ստանալ ՀՆԱ հավելաճ։ 90-ականների կեսերին մեր ավիացիան փոխադրում էր 1-1.2 մլն ուղևոր, մինչև 100-120 հազ տոննա բեռ։ Վրացականը փոխադրում էր սոսկ 0.4-0.5 մլն ուղևոր։ Այսօր, ճիշտ է, մենք փոխադրում ենք 3 մլն ուղևոր (բնական է, պիտի աճեր), բայց վրացիները փոխադրում են 6 մլն (աճ 12-15 անգամ)։ Այսօր մենք փոխադրում ենք սոսկ 18-20 հազ տոննա բեռ»։