Պաշտոնյաները հաղթել են ուսանողների դեմ ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ
Advertisement 1000 x 90

Պաշտոնյաները հաղթել են ուսանողների դեմ ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ

Հայ-ռուսական սլավոնական համալսարանում նոյեմբերի 16-ին ուժերն են չափել պաշտոնյաների և ուսանողների ֆուտբոլային թիմերը։ Պաշտոնյաների թիմում խաղում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Բաբայանը, Սամվել Ֆարմանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, Սարգիս Քեֆիլյանը և այլք։ Ուսանողների թիմում էին ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։ Խաղն ավարտվել է 4։1 հաշվով հօգուտ պաշտոնյաների։ Ընդ որում, պաշտոնյաներից հետրիկի հեղինակ է դարձել Սարգիս Քեֆիլյանը, դարպասը գրավել է նաև պատգամավոր Արմեն Բաբայանը։ Ուսանողների թիմից գոլի հեղինակ է դարձել Վաչագան Մարտիրոսյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ-ից:

Խաղն ընթացել է դրամատիկ պայքարում։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, խոսելով իրենց հաղթանակի մասին, նկատել է, որ դա գուցե արդյունք է իրենց մոտիվացված, կազմակերպված լինելու։ «Ուսանողներն էլ էին լավ խաղում։ Ով առաջին գոլը խփեր, նա էլ պետք է հաղթեր։ Երբ թիմերի ֆունկցիոնալ վիճակը նույնն է լինում, ուժերը հավասար են, ով առաջին գոլը գրանցում է, հոգեբանական առավելություն է ստանում։ Մեր բախտը բերեց՝ առաջինը գրավեցինք դարպասը, ու հակառակորդի խաղը չստացվեց։ Այնպես չէ, որ ուսանողները վատ խաղացին»,- խաղի մասին իր տպավորություններն է հայտնեք Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծել է, որ երիտասարդական միջոցառումների շրջանակներում առանձնահատուկ տեղ են հատկացնում առողջ ապրելակերպ քարոզող ծրագրերին. «Տարիների ընթացքում այս ծրագիրն իրականացնելով՝ հասկացել ենք, որ լավագույն օրինակն է, երբ երիտասարդ պաշտոնյաները խաղում են ուսանողների հետ՝ իրենց օրինակով ցույց տալով, որ մեր երկրին պետք են առողջ երիտասարդներ, և նրանց համար վարակիչ պետք է դարձնենք սպորտով զբաղվելու մշակույթը։ Սա ընկերական խաղ է, այստեղ հաղթողներ ու պարտվողներ չկան։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն ակտիվ լին են, այդ ակտիվությունից կախված է նրանց տրամադրությունը, իսկ տրամադրությունից՝ կրթությունն ու աշխատանքը»։ Պարոն Ավագյանը տեղեկացրել է նաև, որ մինչև բուհ ընդունվելն ինքը բռնցքամարտիկ է եղել։ Բուհ ընդունվելուց հետո պրոֆեսիոնալ սպորտը թողել է, սակայն շարունակել է մարզվել, ակտիվ կենսակերպ վարել։

Նշենք, որ ֆուտբոլային ընկերական հանդիպումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։