Քամերոն Դիասն այն հազվադեպ դերասանուհիներից է, ով կարողանում է սերֆինգով զբաղվել նույնքան վստահ, ինչպես կարմիր գորգի վրա է քայլում: Մանհեթենի West Village-ի տան ներքին հարդարանքն ընտրելիս Դիասը դիմեց Արևմտյան ափի ամենահայտնի դիզայներ Քելլի Ուերսթլերին: «Այն, որ ես սիրում եմ փայլող և շողշողացող բաներ՝ փաստում է իմ կուբայական արմատների մասին,- ասել է Հարավային Կալիֆոռնիայում ծնված դերասանուհին՝ վերհիշելով ծովափին անցկացրած իր մանկության տարիները,- Ես նաև ուզում էի մի վայր ստանալ, որն ինձ կհիշեցներ իմ արմատները: Քելլին անփոխարինելի է, երբ խոսքը վերաբերում է փայլող բաներին»:
Դիասի առանձնատունը զբաղեցնում է 2400 քմ տարածք: «Ես հաստատ գիտեի, որ այս տարածքը գույների կարիք ունի»,- ասել է նա: Դիասի բնակարանը հիմնականում այրված մետաղի և փայլուն հանքային նյութերի գույների մեջ է՝ վարդագույն ոսկի, արծաթ, օնիքս, պղինձ:
«Ճաշասենյակի գույներն ամբողջովին ներկայացնում են Քամերոնին, իր սեքսուալությունն՝ առանց գռեհկության»,- ասում է դիզայներ Ուերսթլերը, ով Դիասին ընդունում է ավելի շատ՝ որպես օգնական, քան՝ որպես հաճախորդ: «Քամերոնն ունի հրաշալի ճաշակ, նա հասկանում է, թե ինչպես կարելի է գույները համադրել, և ինչու են որակյալ կահույքի մասերը սենյակը դարձնում յուրահատուկ»,- ասել է նա: «Սա առաջին սենյակն է, որը ես տեսնում եմ տուն մտնելուն պես, և ինձ դուր է գալիս այստեղ ժամանակ անցկացնելը, հատկապես՝ առավոտյան»,- ասում է Դիասը:
Խոհանոցը Դիասի ամենասիրելի վայրն է ցերեկվա ժամերին, իսկ երեկոյան իր սիրելի վայրը հյուրասենյակն է: Օրվա այդ ժամին ամենահաճելի տարածքը հյուրասենյակն է, քանի որ վարդագույն պաստառներն ու հայելապատ պատերը մի այնպիսի լույս են արտացոլում, որ յուրաքանչյուրն իրեն կարող է զգալ՝ ինչպես կինոյի աստղ: «Այնպիսի տպավորություն է, որ ես ապրում եմ մետաքսյա զարդատուփի մեջ»,- ասել է Դիասը: Հյուրասենյակի լոգարանում պատերը վարդագույն օնիքսից են, լվացարանը և հարմարանքները դեղին պղնձից են, որոնց հին գլխիկները ֆրանսիական են, իսկ լոգախցիկն արված է հատուկ պատվերով:
Մետաքսյա սպիտակեղենն ու ակնողնու ծածկոցը զարդարում են մեծ ննջասենյակը, որտեղ սպիտակ աթոռները հիշեցնում են 1970-ականների նորաձևությունը: Պահարանները եզերված են սև մետաքսով, իսկ դռների ետևի մասը ներկված է մետաղյա գույնով:
«Ես ամեն նոր հաճախորդի հետ նոր բան եմ սովորում, բայց Քամերոնն ինձ սովորեցրեց ավելի զգույշ լինել ձեռքի աշխատանքների հետ,- ասել է Ուերսթլերը,- Նա այնքան հաճույքով էր ամեն ինչ անում՝ յուրաքանչյուր ընտրություն»:
Դիասի խոսքերով՝ եթե դերասանական կարիերան չստացվեր, նա անպայման իր ուժերը կփորձեր դիզայների դերում: «Ես իսկապես կկարոտեմ Քելլիի հետ մեր չորսժամյա հանդիպումները»,- ասել է Դիասը:
Չնայած այս ամենին, այժմ Դիասը պատրաստվում է իր՝ «Ուրիշ կին» ֆիլմի պրեմիերային: Նա ուրախ է, որ Նյու Յորքում ունի այնպիսի մի վայր, որը կարող է տուն կոչել. «Ես շրջապատված եմ այնպիսի իրերով, որոնք կարևոր նշանակություն ունեն ինձ համար: Ահա թե որն է իսկական տունը»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am