Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մեծարգո Պարոն Վարչապետ,
Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ համայնքի ցանկություն: Ցանկացած մարդ ունի կարծիք ունենալու իրավունք: Բայց հավասար իրավունքների երկրում, մարդկանց մի խումբն իրավունք չունի օրենքը շրջանցելով, ագրեսիայով ու համայնքը ահաբեկելու ճանապարհով հասնել իր նպատակներին՝ ոտնահարելով մյուսների իրավունքները:
Տարիներ շարունակ տարբեր շահեր հետապնդող մարդիկ տարածել են պատմություններ Ամուլսարի «վտանգների» մասին: Մեզանից շատերը որըս՝ Ամուլսարի շինարարության վրա աշխատելով, որըս՝ մասնագետների հետ խոսելով՝ որըս համացանցը ուսումնասիրելով համոզվել ենք, որ Լիդիանը կառուցում է ամենաորակյալ ու ամենաանվտանգ հանքը Հայաստանում: Չնայած դրան, այս մարդիկ արդեն մեկ տարի զրկել են մեզ՝ օրենքով գործող ընկերությունում աշխատելու, կամ Ամուլսարի շնորհիվ մեր փոքր բիզնեսը զարգացնելու ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Այս ընթացքում մեր տեսակետը արտահայտելու, Ամուլսարի հանքին կողմ խոսելու ցանկացած փորձ հանդիպել է ճանապարհները փակողների և նրանց հովանավորների փոքրաթիվ, բայց լծակներ ունեցող խմբի կողմից տարբեր ճնշումների: Իսկական վախի մթնոլորտը Ջերմուկում և Գնդեվազում հենց այս ամիսներին է եղել:
Կառավարությունը, ինչպես և խոստացել էր, իրականացրեց Ամուլսարի նոր փորձաքննությունը, որը հաստատեց մեր այն համոզմունքը, որ մեր հողին ու ջրին ոչինչ չի սպառնում: Բայց ճանապարհները փակողների փոքրաթիվ խումբը շարունակում է համայնքի անունից հանդես գալով իրականում պաշտպանել ինչ-ինչ խմբերի շահեր, բացարձակ չկարևորելով բնապահպանական դրական փորձաքննությունը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա և ուրիշ շահեր են խառնված:
Պարոն Վարչապետ,
Մեր համայնքները հայտնվել են ամենածանր սոցիալական վիճակում, կան հարյուրավոր արտագաղթածներ: Մենք չունենք մեր ընտանիքները կերակրելու միջոցներ, մինչդեռ այս ընթացքում Ամուլսարի ճանապարհները փակողները խնդիր չունեն իրենց ընտանիքի ծախսը հոգալու հարցում: Ինչպե՞ս է սա հնարավոր իրավական երկրում:
Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը: Նրանք չեն ներկայացնում ու երբեք չեն ներկայացրել համայնքի տեսակետը: Դրա լավագույն ապացույցը նրանց կողմից կազմակերպող հանրահավաքներն են, որոնց լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: Մենք ենք համայնքը և մեր իրավունքները չպետք է ստորադասվեն ավելի բարձր գոռացող մարդկանց խմբի շահերին: Ամեն ինչ պետք է լուծվի օրենքով և մեր համայնքներում արդեն մեկ տարի ձգվող այս ամենաթողության մթնոլորտը պետք է օր առաջ վերանա»: