Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բջոտներ VS ինքնաբավներ
Ինչ մեղքս թաքցնեմ, պահեր են լինում, որ ինքս ինձ խոստանում եմ կյանքի այլ ուղեցույց հուշել երեխաներիս, քան այն, որ ինձ են ժամանակին տվել ծնողներս, ուսուցիչներս ու բոլոր նրանք, ումով հիացել եմ, հեղինակություն համարել:
Այդ մտքերը գալիս են, երբ հերթական անգամ հանգամանքները փորձում են ինձ ապացուցել, թե կյանքում հաջողում են, ինչպես ժողովուրդն է ասում, բջոտները:
Տեղեկանք. բջոտներն, իրենց ներքինը անմշակ թողած, բայց արտաքինը փայլերով զարդարած, բոլորին հաղթելու, բոլորից ուժեղ, սիրված, հարուստ, սիրուն լինելու մոլուցքը կյանքի ուղեկից աստղ դարձրած տեսակն են: Նրանց միևնույն է, թե ում վատ կլինի, եթե իրենց լավ է: Կանցնեն մարդկանց վրայով ու ա՜խ չեն ասի:
Նրանք չգիտեն սիրել, բայց գիտեն, թե ոնց կախվածության մեջ գցել: Չգիտեն նվիրվել, բայց գիտեն, թե ոնց իրենց քմահաճույքները սպասարկել տան: Չգիտեն հարգել, բայց գիտեն, թե ոնց ծափերի արժանանալ:
Նրանք չեն կարդացել հայ, ռուս, միջազգային գրականություն մանկուց: Գուցե ավելի ուշ, հետևելով մոդային, մի քանի հնչեղ գիրք են կարդացել, որ այլոց տպավորելու մոլուցքը հագեցնեն: Բայց կարդացածը չեն հասկացել, որովհետև եթե դու չես կարդացել Զոշենկո ու էլի մի շարք հեղինակների, Դովլաթովին չես հասկանա: Եթե չես կարդացել Զոլյա, Մոպասան կամ Ցվեյգ, Մուրակամիին չես հասկանա:
Նրանք գիտեն մի քանի գեղանկարչի հնչեղ անուն, գուցե նրանց կտավների՝ Գուգլից քաշած նկարները դնեն սոցցանցային իրենց էջերին: Էլի նույն՝ փայլը ապահովելու նպատակով: Բայց նրանք երբեք չեն հասկանա Դալիին, եթե չեն տեսել Բոսխ, չեն կարդացել Էլյուար, չեն հասկանա Այվազովսկուն, եթե չեն տեսել Թըրներին, չեն հասկանա Սարյանին, եթե չեն տեսել Կորոյին, չեն հասկանա Մինասին, եթե չեն տեսել Մոդիլյանիին…
Մի խոսքով՝ Սոլվեյգի երգը չլսած, բայց Լուսնի սոնատ սիրողները:
Բայց երբեմն քեզ հարցնում ես, թե արդյո՞ք նրանք տուժում են այդպիսին լինելուց: Ոչ, եթե ներքուստ չեն տառապում դրանից ու ինքնաբավ են: Բայց եթե հոգու խորքում գիտակցում են, որ ինչ-որ բանով ցածր են, ոչ լիարժեք, ապա… կռիվ են սկսում մյուս տեսակի դեմ՝ ամեն գնով փորձելով խլել նրանցից այն, ինչ ունեն, ապացուցել իրենք իրենց և դիմացինին, որ աշխարհում ամեն բան հենց իրենց ուզածով պիտի լինի:
Սակայն, այն պահերին, երբ նրանք քեզ խոցել են ու դու միամտաբար նրանց քեզանից ուժեղ ես համարում, նրանց հաջողվում է, թեկուզ կարճ ժամանակով, ստիպել քեզ կասկածել, թե արդյո՞ք ճիշտ պաշար ես դրել ուսապարկդ, որ անցնես այս կյանքով: Արդյոք արժե՞ նույնը դնել քո ամենաթանկ մարդկանց՝ երեխաներիդ պայուսակը, ոնց նախաճաշիկն էիր դնում ցածր դասարաններում:
Այդ ժամանակ Կոսմոպոլիտեն ես տալիս աղջկադ և խորհուրդ տալիս սովորել գեղեցիկ շպարվել, հագնվել և «խաղեր տալ» սովորել: Աղջիկդ, ապշած ու զարմացած, նայում է քեզ ու մտածում «երևի մայրս ցնդել է»՝ քեզ չնեղացնելու համար վերցնելով գլամուրային ամսագիրը, բայց դրա փոխարեն Բրեյգելի ստեղծագործությունների կատալոգը թերթելով:
Ուշ է: Փորիդ մեջ այլ արժեքներ է ներծծել, կաթդ այլ մեղեդիների տակ է կերել, մանկասայլակում ուռենու տակ նստած՝ ձեռքիդ այլ գրքեր է տեսել …
Անիմաստ է: Որքան էլ դու քեզ այդ պահին թերագնահատես ու կյանքում պարտված համարես, նա քեզ ամենաուժեղը, ամենասիրունն ու ամենահոջաղակն է համարում ու քո դերային մոդելն է արդեն որդեգրել…
Նայում ես նրան մեկ վախով, որ հերթական բջոտի զոհը չդառնա, մեկ էլ ցնծությամբ, որ կյանքում ինչ էլ լինի՝ հարուստ լինի, թե աղքատ, սիրված լինի, թե լքված, մի բան հաստատ իրենից չեն խլի, չեն ջնջի իր գանձերով լի հոգին ու սիրել, նվիրվել, հիանալ իմացող սիրտը: Չեն խլի թիթեռի բազմերանգ նախշերը հերթական փալասի գույնից ավելի լավ տեսնելու հնարավորությունը: Չեն խլի նոկտյուրնի մեղեդին ականջին կախվող լափշայից լավ լսելու ունակությունը: Իսկ եթե մի թանկ բան էլ խլեն, նրան կօգնի նվիրելու հատկությունը:
Գիշերանոցով կինը
Ի.Ա.»:
Բջոտներ VS ինքնաբավներ Ինչ մեղքս թաքցնեմ, պահեր են լինում, որ ինքս ինձ խոստանում եմ կյանքի այլ ուղեցույց հուշել…
Gepostet von Իզաբելլա Աբգարյան am Mittwoch, 21. August 2019