Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն
Advertisement 1000 x 90

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած  շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն: Այս մասին հայտնել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքը:

«ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման  աշխատանքներին մասնակցած այն անձինք, ովքեր եղել են ԽՍՀՄ-ի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ կանչվել են զինվորական վարժական հավաքների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով  հավասարեցվել են զինծառայողներին և ունեն որոշակի իրավունքներ, այդ թվում` ամենամսյա պարգևավճար ստանալու, իսկ կամավոր հիմունքներով Չեռնոբիլ մեկնած անձինք,  ՀՀ կառավարության 2004թ. մարտի 14-ի N318-Ն որոշմամբ օգտվում են միայն պետական պատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից: Այս օրինագիծը նպատակ ունի վերականգնել սոցիալական արդարությունը և միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր տուժած քաղաքացիների նկատմամբ, հատկապես՝ կարևորելով կամավորության սկզբունքը, ինչպես նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ատոմային էլեկտրակայան: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է նշված կատեգորիային պատկանող շուրջ 800 մարդ, որից 300-ը՝ քաղաքացիական անձինք են, որոնց համար որևէ սոցիալական երաշխիք սահմանված չէ: Միաժամանակ, որևէ իրավական ակտով սահմանված չեն նաև «Մայակ» արտադրական միավորման վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց  (Հայաստանի Հանրապետությունում բնակվում է 10 մասնակից) իրավունքները»,- նշված է նախագծում: 

Սույն օրինագիծը կարգավորում է ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանությանն առնչվող  հարցերը, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքներ է սահմանում նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչն ավելի խրախուսելի և գնահատանքի արժանի հանգամանք է:  Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն, ինչը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը և կդիտարկվի որպես բարոյական փոխհատուցում  այդ անձանց գործած աշխատանքային սխրանքի դիմաց, միաժամանակ, որոշակի արտոնություններից կօգտվեն նաև այն քաղաքացիական անձինք, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև չեռնոբիլցիների երեխաների համար, ովքեր ծնվել են ճառագայթահարված ծնողներից և դրանով պայմանավորված՝ ձեռք բերել որոշակի հիվանդություններ:



Նման նյութեր