ԵՄ երկրներից արտաքսումներն ավելացել են. ի՞նչ է սպասվում վերադարձած քաղաքացիներին Հայաստանում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ԵՄ երկրներից արտաքսումներն ավելացել են. ի՞նչ է սպասվում վերադարձած քաղաքացիներին Հայաստանում. armeniasputnik.am

Եվրոպական երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների` վերջերս հաճախակի դարձած արտաքսման դեպքերն այսօր ամենաարդիական և քննարկվող թեմաներից են։

Գերմանիայից չարթերային չվերթով ժամանած քաղաքացիներից ոմանք պնդում են, որ դեպորտացիայի մասին որևէ ծանուցում չեն ստացել։ Մյուսներն էլ ստացել են ծանուցում, սակայն առողջական խնդիրների պատճառով չեն վերադարձել։ Արդյունքում նրանք չեն հասցրել ավարտել բուժման կուրսը, քանի որ նրանց ստիպողաբար վտարել են երկրից։

Այսպես, օրինակ, դեպորտացիայի ենթարկված Արմանն ընտանիքի հետ բնակվում էր Գերմանիայում, փախստականների համար նախատեսված ճամբարում։ Նրանց ընտանիքում երեք երեխա կա, որոնցից երկուսը բնածին հաշմանդամություն ունեն։ Երեխաները վերականգնողական կուրս էին անցնում Գերմանիայում։ Սակայն դա չխանգարեց գերմանական ոստիկանությանը գիշերով ներխուժել նրանց բնակատեղի և հայտարարել վտարման մասին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արմանը վստահեցնում է, որ իրենք գրավոր ծանուցում չեն ստացել, և նման հապճեպ վերադարձը հայրենիք իրենց համար իսկական շոկ էր։

«Մենք չենք պատկերացնում, ինչպես ենք ապրելու Հայաստանում, քանի որ վաճառել ենք ողջ ունեցվածքը և մեկնել։ Ես չգիտեմ նաև, ինչպես լուծել երեխաներիս բուժման հարցն այստեղ, գումար չունեմ, բացի այդ մեր երկրում բժշկության մակարդակը նույնը չէ, ինչ Գերմանիայում», – նշեց նա։

Վարսենիկն իր հերթին, մեզ հետ զրույցում, խոստովանեց, որ Գերմանիայում փախստականների ճամբարում մի քանի տարի է անցկացրել, մի շարք տարօրինակ և վատ բաներ է տեսել, սակայն որակյալ բուժման պատճառով չէր ցանկանում հայրենիք վերադառնալ։

Կինը երիկամների հետ կապված խնդիր ունի։ Նրա կարծիքով` Հայաստանում չի կարողանա անհրաժեշտ բուժում ստանալ, իր խոսքով` այստեղ մահվան է դատապարտված։ Ի տարբերություն Արմանի, արտաքսումից առաջ նա բժշկական հետազոտում է անցել, նրան դեղորայք են նշանակել և լի դեղարկղիկով հայրենիք ուղարկել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am