«Դիլիջան» ազգային պարկի տարածքում այսօր հնարավոր է տեսնել ոչ միայն գայլերի, աղվեսների ու շնագայլերի, այլև արջերի: Այս մասին Sputnik Արմենիային պատմեց պարկի ամբողջ տարածքում հսկողություն իրականացնող «Բնապահպանի տուն» ՀԿ նախագահ Գոռ Հովհաննիսյանը:
«Մեր ունեցած կաթնասուն կենդանիների տեղաբաշխման քարտեզը պարբերաբար թարմացնում ենք, քանի որ մերթ ընդ մերթ տարբեր տեղերում կենդանիների ոտնահետքեր ենք տեսնում: Ֆիքսում ենք, օրինակ, այստեղ արդեն արջ է ապրում, այդ արջը տեղափոխվել է ուրիշ տեղից, այստեղ գայլ ենք պարբերաբար տեսել, գայլերի ոհմակ է ապրում և այլն»,- ասաց Հովհաննիսյանը:
Միակ կենդանին, որ քարտեզի վրա ներկա պահին նշված չէ, վայրի խոզն է: Տարիներ առաջ Հայաստանում խոզի ժանտախտի տարածման հետևանքով այս կենդանու ամբողջ գլխաքանակը Դիլիջանում վերացել է:
Փոխարենը, սակայն, 2021թ.-ից Դիլիջանի անտառում կհայտնվի մեկ այլ էնդեմիկ կենդանի, որը նույնպես վերացել էր, բայց ոչ թե հիվանդության, այլ անխնա որսի պատճառով:
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը հիշում է, որ մինչև 90-ականները ազնվացեղ եղջերուների գլխաքանակը Դիլիջանի անտառում 1000-ների էր հասնում:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am