Մեռնող գյուղի վերջին բնակիչը
Advertisement 1000 x 90

Մեռնող գյուղի վերջին բնակիչը

Հայաստանում կա մի գյուղ, որտեղ մեկ մարդ է ապրում, այն էլ միայն ամռանը։ Գտեք այն քարտեզի վրա։ Ուզում եմ մտածել, որ միակն է։ Ես մեկի տեղը գիտեմ, բայց անունը չեմ ասելու։ Այս լայն ու, թվում է, էլ թաքուն անկյուն չունեցող աշխարհում կա մի տեղ, որտեղ կան տներ, բերքատու ծառեր, անգամ մոտակա հարևան սարում բնակվող արջեր։ Ժամանակին հայտնի այս գյուղում ապրելու համար ամեն բան կար` մաքուր օդ, ջուր, բերքատու հող, մարդիկ։ Թվում է, էլ ինչ է պետք ապրելու համար, բայց այսօր այն դատարկ է, ապրող չկա։

Այս պահին գյուղի միակ ամառային բնակիչը տեղի և’ գյուղապետն է, և’ ռամիկ գյուղացին, և’ գյուղը պահողը`իր մեկ տնով, մեկ ճրագով ու մեկ ծխով։ Անկեղծ զրուցում ենք։ Գյուղի մասին խոսելիս աչքերը փայլում են։ Բառերն ասում է հատ-հատ, երբեմն  ծանր շնչելով։ Երբեմն էլ մոռանում է, որ գյուղում մենակ է և թվում է պատմությունների հետ ժամանակն էլ հետդարձի ճամփին է։ Դա իր կյանքն է, իր աշխարհն ու իր գյուղը։ Հարցնում եմ… ձեր մասին պատմելիս ձեր անունն ասե՞մ։

Պատասխանում է. «Երևի պետք չէ։ Իմ գյուղը սահմանին շատ մոտ է։ Գյուղի անունն էլ մի ասեք»։ Ես չեմ ասում, իսկ ինքը պատմում է.

«Որ արթնանում ես էս գյուղում, խաղաղությունը հոգեկան մեծ ապրումներ է տալիս։ Երբ գնում ես մարդաշատ տեղեր, զգում ես, թե ինչքան ես կարոտում այդ խաղաղությանը։ Մարդկանց ցանկանում եմ համոզել, որ խաղաղ պայմաններում ապրելն առողջություն է։ Ժխորից հեռու մնացեք, եկեք գյուղերը շենացրեք, ծաղկացրեք, դուք էլ առողջ ապրեք։ Ուրիշ ի՞նչ է պետք մարդու համար, ժամանակավոր կյանք է տրված, լավ ապրիր, առողջ ապրիր։ Հեռու մնացեք դեղատներից։ Դեղատների դեղերը մեր բնության մեջ են։ Եկեք օգտվեք։ Ես կյանքում դեղատուն չեմ գնացել: Էնա որ մարդիկ չսովորեցին էլի մաքուր բնությունից օգտվել»:

Սարում ապրող կենդանիների մասին պատմում է շատ զգույշ  և հատուկ ուշադրությամբ։

«Ունենք երկու արջ սարի ետևում։ Թաքուն ենք պահում, անհաջող որսորդներից հեռու, ոչ մեկին  տեղը չենք ասում։ Աշնանը գալիս են խնձոր հավաքում, ուտում։ Իրենք իրենց կերակրում են, մենք նեղություն չենք տալիս, որ չփախնեն։ Գայլ կա, աղվես, նապաստակ, կաքավ շատ ունենք, լոր,  փորսուղ։ Մեր գյուղի լավն էն է, որ ոչ մեկին չենք թողնում, որ մեր գյուղ որսի գան։ Ինչ կա պահում ենք, ծառերը չենք թողնում կտրեն։ Հոգեհարազատ է գյուղը, երկար տարիներ գյուղն իմ և էլի շատերի ընտանիքները կերակրել է, ես էլ գյուղն եմ պահպանում։ Էս գյուղը հիանալի գյուղ է»։

Այսօր գյուղի միակ բացվող ու փակվող դուռն է։ Ուրիշ իրավիճակում կնեղացներ այս ճռռոցը։ Այս դեպքում նույնիսկ ձայնն է հաճելի։ Կենդանի շունչ կա։ Մենակության մեջ մտքերը խառն են։

«Էն օրը Թուրքիայի նախագահն ասում էր՝ Եվրոպա նենց չանեք գաղթականներին բաց թողնեմ…. հիմա … Երևան էնպես մի արա, որ  բոլոր էս գյուղերը հավաքվեն քո մոտ, ստեղ մնա մենակ սահմանի վրա կանգնած զինվորը։ Ստեղի մի ծուխը, մի լույսը, որ վառվում է, սահմանի զինվորը գիտի, որ ստեղ մարդ կա։ Էդ զգացումը`մինչև չգնաս սարի գլուխը, չես զգա։ Մեր գյուղացիների մտածելակերպն էդ է։ Թե վերևներում ո՞նց են մտածում։ Չեն պատկերացնում, թե ստեղ ինչ է կատարվում։ Ափսոս էս տարածքը»։

 

Հեռվում, սարի վրա, տարիների հեռվից, արևի տակ, հոգեվարքի մեջ ննջում է հնագույն վանքը, կամ, ավելի ճիշտ, վանքից մնացած կիսաքանդ պատը։

«Վանքը` էն, որ հեռվում երևում է հինգերորդ դարի կառույց է: Էստեղ հողի տակ մենք ունենք շատ ավելի հին կառույց, ոչ մեկ չգիտի, թե որ դարի է»:

Ճանապարհի փոշին, դժվարանցանելի կեռերը փաստում են, որ բնիկները գյուղը վաղուց են լքել՝ ամեն անգամ այդ դժվարին ուղին  չանցնելու պատճառով։ Հայտնի բան է, չկա ճանապարհ, չկա` բնակիչ։

Ամբողջությամբ՝ armradio.am



Նման նյութեր