Հայաստանում զարգանում է շինշիլաբուծությունը. պետությունը տրամադրում է աջակցության ծրագրեր
Advertisement 1000 x 90

Հայաստանում զարգանում է շինշիլաբուծությունը. պետությունը տրամադրում է աջակցության ծրագրեր

Հայաստանում շինշիլաբուծության զարգացման նպատակով պետության և մասնավոր սեկտորի համագործակցությամբ սկսնակ տնտեսավարողները ծանոթանում են կենդանու պահման կանոններին, առանձնահատկություններին: Էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ըկերակցություն» հիմնադրամի եւ «Վարդանյան Ֆըր քամփընի» ՍՊ նախաձեռնությամբ Ռուսաստանում Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը սեմինար անցկացրեց հայաստանցիների համար: «Շինշիլաբուծության հեռանկարները» խորագրով սեմինարին մասնակցեցին սկսնակ ֆերմերներ:

«Նպատակն է, որ սկսնակ ֆերմերներին ծանոթացնենք կենդանու պահման կանոններին, կենդանու առանձնահատկություններին, ընդհանուր տեղեկություններ տանք ոլորտի մասին։ Շինշիլաբուծությունը Հայաստանում զարգանալու մեծ ներուժ ունի՝ մեկ պարզ պատճառով, որ Հայաստանը լեռնային երկիր է և բնակլիմայական պայմաններով ամենամոտն է շինշիլաների հայրենիքին՝ Անդերին»,- ասաց ընկերակցության նախագահ Հարությունյան Համբարյանը։

Շինշիլան ունի շատ արժեքավոր մորթի: Համբարյանը նկատեց, որ հետխորհրդային երկրներում մուշտակագործությունը, մորթեգործությունը զարգացվածության լավ մակարդակ են ունեցել, հիմա իրենք ցանկանում են այդ ավանդույթները վերականգնել Հայաստանում: Համբարյանը նշեց՝ դա  շատ լավ տնտեսական օգուտներ կբերի: Ընկերակցությունը համագործակցում է մուշկատագործությամբ զբաղվող ընկերությունների հետ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը նշեց, որ պետությունն ունի օժանդակության ծրագրեր, որոնցից կարող են օգտվել նաև շինշիլաբույծները: Շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները կարող են օգտվել գյուղատնտեսության վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի ծրագրերից: Տոկոսադրույքի ֆինանսավորման ծրագրից կարող են օգտվել միայն նախարարության կողմից տրված դասընթացների արդյունքում հավաստագիր ստացած անձինք: «Գյուղատնտեսության խորհրդատվության և մոնիտորինգի վարչության կողմից մարզերում իրականացվում են եռօրյա դասընթացներ, որոնց արդյունքում տրվում են հավաստագրեր, և միայն այդ հավաստագրի արդյունքում վարկ է տրվում: Իսկ սահմանամերձ բնակավայրերում սոցիալական աջակցություն ստացողները վարկը ստանում են անտոկոս»,- ասաց Վերանյանը:

Պետությունը ոլորտում տեսնում է զարգացման հեռանկար և սերտ համագործակցում է ընկերակցության հետ: Նա նշեց՝ ներկայում շինշիլաբուծության զարգացման համար օրենսդրական դաշտում խնդիրներ չկան, սակայն աշխատում են այն բարելավելու ուղղությամբ:

Վիտալի Մազուրովը նոյեմբերի 3-ին սեմինար կանցկացնի նաև փորձառու ֆերմերների համար: