2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:
Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ը ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:
ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:
Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:
Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում: