Ներկայացնում ենք հատվածներ դերասանուհի Զառա Սահակյանի BlogNews-ի հետ զրույցից: Մտերմիկ զրույցի ընթացքում պարզ է դառնում, որ դերասանուհու ներաշխարհը մոտ է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի՝ ընկերները նայում են նույն ուղղությամբ մտքին:
– Զառա, Դուք բավականին պասիվ եք սոցցանցերում: Գրեթե չեք հրապարակում ընտանեկան լուսանկարներ: Ինչո՞ւ:
– Ես ունեմ պաշտոնական էջ, սակայն ես չեմ զբաղվում դրանով: Իմ ֆան ակումբներից մի տղա խնդրեց էջ բացել իմ անունով, ասացի՝ խնդրեմ: Ամուսինս ժամանակ առ ժամանակ հրապարակում է լուսանկարներ, սակայն դա մեր առօրյայի կարևոր մասը չէ: Մեզ համար անընդհատ սոցցանցերում լինելը պարապ մարդու գործ է: Ես ավելի մեծ մտածմունքներ ունեմ՝ կապված ընտանիքիս, երեխայիս դաստիարակության հետ:
– Ընտանեկան ի՞նչ սիրելի զբաղմունքներ ունեք:
– Երբ մենք մտնում ենք տուն, տանից դուրս գալ էլ չկա: Մի օր Դավիթն ասաց՝ զգո՞ւմ ես, որ մենք դուրս ենք գալիս, արևի լույսից աչքերներս ցավում է:) Ամբողջ օրը տանն ենք, վարագույրը քաշած, երեխան պետք է պատճառ լինի, որ դուրս գանք: Տունը մեր ամենահարմար, ամենալավ անկյունն է:
Սիրում ենք խաղեր խաղալ, ճաշկերույթներ կազմակերպել: Դավիթը շատ համեղ է պատրաստում: Ես նույնիսկ չեմ մոտենում մսին:
– Զառա, այս եթերաշրջանում սկսեցիր նկարահանվել «Քարե դարդ»-ում: Մինչ նկարահանվելդ հետևո՞ւմ էիր սիթքոմին:
– Մինչ իմ մասնակցությունը նայում էինք, որովհետև երեխաս շատ է սիրում: Իր համար մուլտֆիլմի փոխարինիչ է, պատկերները կանչող են:
Իմ հին, լավ բարեկամի՝ Վաչեի կողմից առաջարկ ստացա և որոշեցի փորձել ինձ:
– Ե՛վ այն ժամանակ, երբ «32 ակումբի» տղաների միջև խժդժություն եղավ, և՛ այն ժամանակ, երբ իրենք հաշտվեցին, դու միակ մարդն էիր, ով միաժամանակ լավ հարաբերություններ ուներ երկու կողմերի հետ: Ինչպե՞ս կարողացար պահպանել նեյտրալ դիրքը և որևէ կերպ չմասնակցել կոնֆլիկտին:
– Նեյտրալ մնալու խնդիր չկար, որովհետև իրենք ինձ չէին թողնում մասնակցել այդ ամենին: Ես իրենցից թե՛ տարիքով եմ փոքր, թե՛ թիմի միակ աղջիկն էի: Նրանք ինձ հետ էին պահում կոնֆլիկտային իրավիճակներից, ժողովներից, որտեղ միայն տղամարդիկ էին: Ընկերներս երբեք ինձ չեն կանգնեցրել ընտրության առաջ, ինչի համար շնորհակալ եմ: Նրանք միշտ հասկացել են ինձ: Այդ փուլում ես ինձ փորձեցի «Yere1» նախագծում, հետո կրկին միացա ընկերներիս:
Ինքս էլ ինձ հետ պահեցի՝ երկու թևերի հետ էլ մնալով շատ լավ հարաբերություններում: Իմ կարծիքով՝ դա խժդժություն էլ չէր, ուղղակի եկավ փուլ, երբ տղաները որոշեցին առանձին աշխատել: Դա նորմալ է:
– Դավթի հետ հաճա՞խ եք վիճում: Առհասարակ, ինչի՞ շուրջ կարող եք վիճել:
– Եթե ասեմ չենք վիճում, կխաբեմ: Կարծում եմ՝ եթե այլևս վեճ չունենաք, նշանակում է՝ առանձին կյանքեր ունեք, ուղղակի համատեղ ապրում եք: Եթե երկուսդ էլ հասուն մարդ եք, կամակատար չեք, նույն թեմայի մասին ամեն մեկդ ձեր կարծիքն ունեք:
Մեր վեճերը հիմնականում գործնական հարցերի շուրջ են, սակայն տարիների ընթացքում ամուսիններն իրար նմանվում են: Ժամանակին ես ակտիվ, կայծակնային որոշումներ ընդունող էի, հիմա անգամ մայրս է ասում՝ գնալով դառնում ես քո հանդարտ ամուսինը, աշխարհն էլ փուլ գա, պիտի հանգիստ մտածես, նոր որոշում կայացնես:
– Ռեալիթի շոուից Դավթին հիշողները կփաստեն, որ առաջին հայացքից դուք տեսակով շատ տարբեր եք: Իսկ խորը շերտերո՞ւմ:
– Խորքային առումով մենք էլի տարբեր մարդիկ ենք: Նույն ծնողից ծնված քույրն ու եղբայրն էլ են շատ տարբեր լինում: Սակայն ընտանիքում կարևորն այն է, որ այդ տարբերության հետ մեկտեղ դուք նայում եք նույն ուղղությամբ: Դու ունես այդ կետ գնալու քո ելքերն ու ձևերը, նա՝ իր, բայց դուք գնում եք դեպի նույն կետը: Շատ նման մարդիկ կարող են վեճեր ունենալ հենց նմանության պատճառով:
Ամբողջությամբ՝ blognews.am