Ներկայացնում ենք պատմաբան Վահե Լոռենցի գրառումը Խոջիվանքի մասին և Լուսին Դավթյանի լուսանկարները պատմամշակութային հուշարձանից:
Նշենք, որ լուսանկարներն արվել են 2019-ի օգոստոսին:
«Չորրորդ դարում, հայ-պարսկական պատերազմի ժամանակ, պարսից Շապուհ Բ արքան գրավելով Դարանաղյաց Անի քաղաքը՝ հրամայեց քանդել հայոց փառապանծ արքաների գերեզմաններն ու հայոց արքաների ոսկորները տեղափոխել Պարսկաստան, քանզի նրանց մեջ է ամփոփված հայոց զորությունն ու փառքը…
Գաղտնիք չէ, որ Կովկասի խոշորագույն քաղաքն ու մշակութային կենտրոնը՝ Թիֆլիսը, հայաքաղաք է եղել ու հայ մշակույթի դարբնոց հանդիսացել: Այնտեղ են ծնվել ու գործել հարյուրավոր մեծ հայորդիներ՝ գրողներ, զորավարներ, հասարակական գործիչներ… հետմահու, նրանց մարմինները որպես կանոն ամփոփում էին Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:
Ընդամենը երկու տասնամյակ առաջ ,,բարեկամ ու եղբայր,, Վրաստանի իշխանությունները պղծեցին հայոց գերեզմանատունը: Նրանք տրակտորներով քանդեցին այն, հայոց մեծերի ոսկորները, տապանաքարերը բարձեցին բեռնատարներն ու տարան անհայտ ուղղությամբ…
Հիմա Խոջիվանքի պանթեոնից մի փոքր հատված է միայն մնացել: Իսկ գերեզմանատան տեղում վեր է բարձրացել Չարի այս կացարանը, ուր, Թիֆլիս այցելող հայ զբոսաշրջիկների գոնե կեսը սիրով գնում-մոմ են վառում՝ իրենց մեղքերի թողության համար…
Չգիտեմ, ձեր Հիսուսը կների՞ արդյոք ձեր գործած երկրային մեղքերը, բայց ոտք դնելով պղծության այդ որջը՝ մեղք եք գործում Հայի պատվի ու արժանապատվության նկատմամբ… այն կառուցված է մեր ազգի փառապանծ մեծերի շիրիմները պղծելու հաշվին…
Ի դեպ, Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան կանխել այդ վանդալիզմը, այլև՝ փորձ անգամ չարեցին…. Դե նամուս, թասիբ, պատիվ հասկացությունները ցավոք, խորթ ու օտար են մեր իշխանություններին… (գոնե՝ վերջին 40 տարիներին):
Իսկ Խոջիվանքի տարածքում այսօր էլ ցաքուցրիվ թափված են մեր մեծերի ոսկորները… որ թափառական շների ու կատուների բաժին են դառնում…
Ուրեմն, 21-րդ դարի հայ. ամեն անգամ հոխորտալուց, մեծ-մեծ խոսելուց, մեր ,,փառահեղ,, պատմությունից մեջբերումներ անելուց առաջ, նախ նայիր քեզ այսօրվա իրականության մեջ. Մեր աչքի առաջ ցեղասպանեցին մեր մշակույթը, մեր աչքի առաջ ցեղասպանում են մեզ մեր բարեկամ կոչվածները, մեր աչքի առաջ… ու մենք նրանց տաճարներում այսօր մոմ ենք վառում… Մտածիր, Հա՛յ…
Հ.Գ. Նկարում՝ եկեղեցին, որ կառուցվել է Խոջիվանքի պանթեոնի տեղում և հայ մեծերի անտեր ոսկորները, որ այսօր էլ ցաքուցրիվ ընկած են տարածքում…
Վերջում՝ Ակակի Ծերեթելու խոսքերը… հիրավի, մեծագույն պոետի ու հայ ժողովրդի մեծ բարեկամի խոսքերն այստեղ հանց երեսպաշտություն են հնչում.
-Ես մի վրացի,
Իսկ դու հայ ես մի,
Բայց մենք երկուսով,
Եղբայր ենք հիմի,
Երկուսս էլ զավակ նույն հող ու ջրի,
Եվ նույն բնության,
Եվ նույն լեռների…»: