Մաշտոցյան Մատենադարանի պատմության մեջ հազվադեպ են այն գործիչները, որոնք անկախ իրենց գործունեության հետագա ընթացքից, անգամ քաղաքական ասպարեզ մուտք գործելուց հետո, հավատարիմ են մնացել իրենց կոչմանն ու առաքելությանը, մնացել են մատենադարանցի՝ շարունակելով իրենց գիտական ուղին:
Այս շարքում իր արժանի տեղն ունի անվանի հայագետ-արևելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի ծննդյան 75-ամյակն է լրանում այսօր: Նա այժմ էլ լի է գիտական-ստեղծագործական եռանդով, նոր ծրագրերով ու գաղափարներով: Իրականում այս ուղին սկսվել է դեռևս ուսանողական տարիներից: 1968 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի Արևելագիտության բաժինը, 1969-1972թթ. կրթությունը շարունակել է Սանկտ Պետերբուրգի ասպիրանտուրայում (ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք):
Երևանի և Սանկտ Պետերբուրգի գիտակրթական առաջատար կենտրոններում ստանալով արևելագիտական դասական կրթություն, Տեր-Պետրոսյանն իր առաջին հետազոտությունները նվիրել է հայ-ասորական միջնադարյան գրական կապերի ուսումնասիրմանը, հաջողությամբ պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմամատենագրական հուշարձան» թեկնածուական ատենախոսությունը:
Հետագա տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանն աշխատանքի է անցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1972-1978 թթ.), ապա՝ Մաշտոցյան Մատենադարանում` որպես գիտնական-քարտուղար, «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ և պատասխանատու քարտուղար, իսկ 1985-2001թթ.՝ որպես Մատենադարանի ավագ գիտաշխատող։
Լևոն Տեր-Պետրոսյանը, հետազոտական աշխատանքին զուգահեռ, 1982-1988 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդել է «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան:
1987 թվականին Սանկտ Պետերբուրգում Տեր-Պետրոսյանը պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV-V դարերում» դոկտորական ատենախոսությունը, որն արժանացել է անվանի մասնագետների բարձր գնահատականներին:
Տարիների ընթացքում արդեն միջազգային ճանաչման հասած գիտնականը, բացի բանասիրական բնույթի ուսումնասիրություններից, լուրջ ներդրում է կատարել նաև միջնադարյան աղբյուրագիտության և պատմագիտության ասպարեզում: Լույս են տեսել հիմնարար աշխատանքներ՝ Անանուն Եդեսացու «Ժամանակագրությունը» (Երևան, 1981թ.), «Խաչակիրները և հայերը» ծավալուն երկհատորյակը (Երևան, հ. Ա 2005 թ., հ. Բ 2007 թ.) և այլն։ Նշված հատորները հատկապես կարևոր են Կիլիկյան Հայաստանի պատմության հետազոտման համար։
Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության անդամ է, 1988 թվականից` Հայաստանի գրողների միության անդամ, 1989 թվականից` Ֆրանսիական Ասիական ընկերության անդամ, 1991 թվականից` Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ, Ստրասբուրգի, Լա վեռնի, Սոֆիայի և Սորբոնի համալսարանների պատվավոր դոկտոր: Նա 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների հեղինակ է:
Մաշտոցյան Մատենադարանի տնօրենությունը և աշխատակազմը ի սրտե շնորհավորում են վաստակաշատ գիտնականին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, արևշատություն, գիտական նորանոր նվաճումներ: