Բաքվում 1990 հունվարի տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանություն է, որը Օսմանյան կայսրության որդեգրած ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է:
Հունվարի 16-ին «Բաքու 1990 թ. Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Ադրբեջանն իր ստեղծման առաջին իսկ տարիներից որդեգրել է հայերի նկատմամբ ցեղասպանության անփոփոխ մնացած, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն: Ադրբեջանը երբևիցե չի տարբերակել, թե որ տեղանքի հայ է` Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ադրբեջանի…կապ չունի: Կա քաղաքականություն, որտեղ հստակ նշված է` հայերը եկվոր տարր են այս տարածաշրջանում, և պետք է այստեղից դուրս մղվեն: Դրա համար են իրականացվել այդ անմարդկային գործողությունները»,- ընդգծեց Ալավերդյանը:
Նախկին օմբուդսմենը նշեց, որ ցեղասպանության մասին կոնվենցիայում նշված բոլոր հինգ ձևերը կիրառվել են 1990 թվականի հունվարին, և այս հարցում բոլորը պետք է հստակ դիրքորոշում ունենան:
«Ադրբեջանը, որը ստեղծվել էր Թուրքիայի կողմից, պետք է շարունակի նույն ցեղասպանության քաղաքականությունը Օսմանյան Թուրքիայի սահմաններից դուրս, ինչը և իրականացնում է մինչ օրս»,- ասաց Ալավերդյանը:
Ասուլիսի ընթացքում Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց ադրբեջանցի գրող, քաղաքական հալածյալ Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գիրքը, որտեղ նկարագրվում են 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները: Այդ գրքում ներառվել է նաև Իբրահիմովի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կատերինա Պրոկոֆևայի հետ: Այդ հարցազրույցից հետո լրագրողն ազատվել էր աշխատանքից:
«Զեյնալ Իբրահիմովը քաղաքական էմիգրանտ է: Նա այս գիրքը գրել է 2018 թվականին: Այն շատ լայն տարածվել է համացանցում»,- հավելեց Ալավերդյանը:
Ադրբեջանցի գրողը ճանաչել է Արցախը որպես հայկական տարածք և դատապարտել է Ադրբեջանին պատմության տոտալ խեղաթյուրման, ինչպես նաև հայերի ջարդեր կազմակերպելու համար:
Երեսուն տարի առաջ՝ 1990 թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան կամ բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք էր բարձրացել դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Փաստերը թաքցնելու և դրանց մասին չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի: Հայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափմանը: Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը՝ Բաքվում և ավելի վաղ՝ 1988 թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ: