«Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու, դրամահավաք անցկացնելու որոշում ևս չկա. շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներ. tert.am
Advertisement 1000 x 90

«Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու, դրամահավաք անցկացնելու որոշում ևս չկա. շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներ. tert.am

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ»-ի շտաբը դասական իմաստով քարոզչություն չի իրականացնելու: Այն իրավաբանների միություն է, որը չի ներկայացնում քաղաքական ուժ կամ ուժեր և պատրաստակամություն է հայտնել տրամադրել հարթակներ այն ուժերին, որոնք կցանկանան քարոզել «Ոչ»-ը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանն ընդգծեց՝ «Ոչ»-ի դիրքորոշումն իրավական է. «Մենք մեր առաջ խնդիր ենք դրել բացատրել բոլոր հետաքրքրված անձանց, թե ինչ հոդվածի համար են քվեարկելու, ինչ է փոխվելու, ինչ հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, թե չեն պատրաստվում, օրինակ, մարզեր այցելել, բակային հանդիպումներ ունենալ և «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել:

Անդրադառնալով դիտարկմանը, թե «Այո»-ի շտաբը դրամահավաք-ճաշկերույթ է իրականացնում և հարցին՝ «Ոչ»-ի շտաբը նման նախաձեռնություն չունի՞, փաստաբանն արձագանքեց՝ դրամահավաքի անհրաժեշտություն չի տեսնում: «Մենք իրավաբաններ ենք, զուտ դիտորդական, բացատրական աշխատանքների մեջ ներգրավվելու ցանկություն ենք հայտնել՝ կամավորության սկզբունքով, և որևէ աջակցության կարիք այս առումով չունենք: Հակառակը՝ իրազեկման առաքելություն ունենք, որն անում ենք»,-ասաց Մկրտչյանը:

Հարցին՝ հանրաքվեի քարոզչության պաշտոնական մեկնարկից՝ փետրվարի 17-ից հետո «Ոչ»-ի շտաբի հասցեին հակաքարոզչություն նկատե՞լ է, փաստաբանը պատասխանեց, որ սոցիալական ցանցերի հարթակում թե՛ ատելության խոսք, թե՛ թշնամանք կա: ««Այո»-ի աջակիցների բավականին լուրջ, ստվար զանգված կա, որն իր պարտքն է համարում կեղծ ու նաև իրական օգտահաշիվներով ատելության խոսք հնչեցնելը: Սա սովորական երևույթ է դարձել, ցավոք»,-նշեց փաստաբանը:

«Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում վերահաստատեց միտքն առ այն, որ «Ոչ»-ի շտաբը դասական քարոզչություն չի իրականացնելու: «Քարոզչություն չի լինելու այն տեսքով, որը հասարակությունն առհասարակ սովոր է տեսնել՝ բակային հանդիպումներ, հանրահավաքներ չենք ունենալու»,-ասաց Հայրապետյանը:

Իրավաբանն ընդգծեց՝ շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ՝ հանրաքվեի ընթացքում տարբեր տեղամասերում ունենալ վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, ինչը հնարավորություն կտա հանրաքվեի ավարտից հետո հանրությանն իրազեկել, թե ինչ գործընթացներ են եղել, ինչն էլ թույլ կտա կանխել ենթադրյալ իրավախախտումները:

«Կարևոր եմ համարում ասել նաև, որ «Ոչ»-ի ճամբարը չի ստեղծվել նրա համար, որ հանրաքվեից հետո հանրաքվեի արդյունքները ներկայացնի ՍԴ՝ պարզ պատճառով՝ նախաձեռնությունը չունի նման իրավունք. այդ իրավունքը վերապահված է բացառապես ԱԺ խմբակցություններին»,-ասաց նա:

Անդրադառնալով դրամահավաք չիրականացնելու որոշմանը՝ Հայրապետյանը նշեց, որ իրենք ոչ նման, ոչ էլ նմանատիպ նախաձեռնություն չենք քննարկել. «Նման հարց չկա մեր օրակարգում, հատկապես, որ արդեն նշել ենք, որ մենք քարոզչություն՝ դասական առումով, չենք ներկայացնելու, այդ պատճառով նաև իմաստազուրկ է դառնում նման միջոցառումների կազմակերպումը և դրանց արդյունքում գոյացած գումարները այս կամ այն ձևով հանրաքվեի նպատակների կամ դրա կայացմանն ուղղված գործում կիրառելը»,-ասաց իրավաբանը:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր