Հանուն քավորի. Իջևանյան ընտրությունները` համամասնական ընտրակարգով. hraparak.am
Advertisement 1000 x 90

Հանուն քավորի. Իջևանյան ընտրությունները` համամասնական ընտրակարգով. hraparak.am

Իշխանությունը հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցները գործի է դնում, որպեսզի Իջեւանում քաղաքապետ ընտրվի Հայաստանի թիվ մեկ քավորը՝ Հայկ Ղալումյանը։

Անցած տարի աշնանը՝ հոկտեմբերին, իշխանությունը ոչ բռնի, թավշյա քրեական գործի միջոցով հեռացրեց գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ով, ի դեպ, «քավորի» ոչ այնքան հեռավոր ազգականն է։ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, քավոր Հայկ Ղալումյանը    նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ենթադրվում էր՝ կառավարությունը շատ արագ կգործի, որպեսզի Ղալումյանը ժամանակավորից դառնա հիմնական քաղաքապետ, ու հենց դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունների մասին ԿԸՀ սահմանած ժամանակացույցի առաջին ժամկետում, արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կկայացվի։ Բայց դեկտեմբերն անցավ, ընտրություններ այդպես էլ չեղան, կանցնի նաեւ մարտը՝ ընտրությունների համար սահմանված հաջորդ ժամկետը, ու էլի Իջեւանում ընտրություններ չեն լինի։ Բանն այն է, որ իշխանությունը մտավախություն ունի իր թեկնածուի հաղթանակի հարցում եւ այդ պատճառով է հետաձգում  ընտրությունների անցկացումը։

Հիշեցնենք, որ անցած ամռանն Իջեւանում տեղի ունեցած անտառային պատերազմը մեծապես ազդել է իշխանության վարկանիշի վրա, եւ քաղաքապետի ԺՊ-ն էլ ոչնչով աչքի չի ընկել այս ընթացքում, այդ պատճառով հնարավորինս հետաձգում են ընտրությունները եւ զուգահեռ միջոցներ ձեռնարկում, որպեսզի ցանկալի թեկնածուին կարողանան անցկացնել։
Երեկ տեղեկացանք, որ կառավարությունը որոշել է Իջեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացնել ամռանը՝ հունիսի 14-ին։ Այս մասին մեզ հայտնեց Հայկ Ղալումյանի պատգամավոր եղբայրը՝ Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը։  Հիշեցնենք․ ամիսներ առաջ կառավարությունը շրջանառության մեջ դրեց Իջեւանի խոշորացման մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ Իջեւանին կմիանան հարակից 18 համայնքները, որոնց թվում կան նաեւ սահմանամերձ գյուղեր։ Խոշորացման նպատակն ակնհայտ է՝ նախ հետաձգել դեկտեմբերին նշանակված ընտրությունը, երկրորդ՝ խոշորացման արդյունքում բոլոր միավորված համայնքներում կաշխատեն իշխանության թեկնածուի համար եւ կկանխեն տապալումը։ Խոշորացման ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, իսկ կառավարությունը «քավորին» աջակցելու հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։

Առաջարկվում է համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը e-draft.am կայքում զետեղել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է բոլոր խոշորացված քաղաքներում ընտրությունները կազմակերպել ինչպես Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում՝ կուսակցական ցուցակներով։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, իր վարկանիշն ուզում է օգտագործել եւ դրա հաշվին ոչ միայն Իջեւանում, այլեւ բոլոր քաղաքներում վերցնել  իշխանությունը։ Եթե նախկինում համայնքապետերը ՀՀԿ-ականացվում էին, այսինքն՝ որեւէ անկուսակցական մարդ, ով մինչ ընտրվելը ՀՀԿ անդամ չէր, ապա ընտրվելուց հետո անպայման պետք է ընդուներ ՀՀԿ-ի «կրոնը», հիմա գրեթե նույնն արվում է «ժողովրդավարական» ճանապարհով՝ ՔՊ-ականացվում է համայնքապետերի ինստիտուտը։

«Տեղական մարմիններում ընտրությունները միայն կուսակցական ցուցակներով չի ապահովի բնակչության լիարժեք ներգրավվածություն՝ խառը ընտրական համակարգն ավելի ադեկվատ կլինի մեր իրականությանը։ Համայնքների ղեկավարների դեպքում ուղիղ ընտրական համակարգն ավելի առաջադեմ է, քան անուղղակին։ Այն վերացնելով՝ մենք Հայաստանում կվերացնենք ուղիղ պատասխանատվությամբ ընտրովի վերջին պաշտոնները (ՀՀ նախագահն ու վարչապետն ԱԺ-ի կողմից են ընտրվում)։ Ընդհակառակը, առաջընթաց կլինի, եթե Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի դեպքում անցնենք քաղաքապետի ուղիղ ընտրակարգի»,- կարծում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Պատգամավոր Վահե Ղալումյանը, ով նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, կարծում է, որ քաղաքական ընտրություններն ավելի ժողովրդավարական են․ «Որ համայնքապետը ոչ միայն ընտրողի առաջ պատասխանատու լինի, այլեւ իր քաղաքական ուժի, որ համայնքապետի գործունեությանը ոչ միայն քաղաքացին հետեւի, այլեւ քաղաքական ուժը, սրանով նաեւ կխուսափենք անձնավորված խնդիրներից, փոքր համայնքներում անձնավորված թշնամական հարաբերություններ են ձեւավորվում, դրա համար կխոշորացնենք, ապա այս կարգով ընտրությունների արդյունքում կունենանք ավելի խելացի, գրագետ համայնքապետեր»։

hraparak.am



Նման նյութեր