Ապրիլյան պատերազմ. Ադրբեջանի ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականության տապալումը
Advertisement 1000 x 90

Ապրիլյան պատերազմ. Ադրբեջանի ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականության տապալումը

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը երեք՝ հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ: Արցախի Պաշտպանության բանակին հաջողվեց կասեցնել Ադրբեջանի հարձակումը և անցնել հակահարձակողական գործողությունների: Ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց: Ապրիլի 2-5-ին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրեջանի բանակի կրած մարդկային և նյութական կորուստները զգալիորեն գերազանցեցին Արցախի պաշտպանության բանակի կորուստներին:

Չնայած մարտական գործողություններին ներգրաված զգալի մարդուժին և զինտեխնիկային, այդ թվում՝ վերջին տարիներին ձեռք բերված, Ադրբեջանի ԶՈւ-ն չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը՝ դուրս գալ օպերատիվ խորություն և ռազմական ճանապարհով բեկում մտցնել Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: Արցախի ՊԲ-ին հաջողվեց գրագետ պաշտպանողական և հակահարձակողական գործողությունների շնորհիվ ռազմավարական պարտության մատնել Ադրբեջանին:

2016թ. Ապրիլյան մարտական գործողությունների նախաձեռնումը 1994թ. մայիսին ձեռք բերված զինադադարից հետո Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյաց, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության ամենախոշոր դրսևորումն էր:

Ապրիլի 2-ին հրավիրված ԱԽ նիստի ընթացքում նախագահ Ի. Ալիևը, փորձելով արդարացնել Ադրբեջանի հարձակումը, մասնավորապես հայտարարել է. «….Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն մեկ սկզբունքի հիման վրա: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը, և Հելսինկիի ամփոփիչ ակտը հենց սա է թելադրում»:

Այս հայտարարությունը ևս փաստում է, որ Ադրբեջանի ռազմավարության մեջ կարևորվել է մարտական գործողությունների նախաձեռնումը:

Ապրիլի 2-5-ին տեղի ունեցած լայնամասշտաբ մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանին թեև հաջողվեց հյուսիսային և հարավային ուղղություններում գրավել մի քանի մարտական դիրք, սակայն Ադրբեջանի ԶՈւ-ն չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը՝ կրելով մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Արցախի ՊԲ-ին հակահարձակման շնորհիվ հաջողվեց հետ վերցնել կորցրած դիրքերի մի մասը և կասեցնել կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի պլանավորած հավանական գլխավոր հարձակումը:

Հայկական ուժերի արդյունավետ հարվածների հետևանքով էր, որ հենց կենտրոնական՝ Ակնայի (Աղդամ) ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակման նախապատրաստության կասեցման պայմաններում ապրիլի 4-ին ՊՆ Զ. Հասանովը ԶՈւ-ին ցուցում էր տվել պատրաստ լինել ծանր կրակային միջոցներով հարվածներ հասցնել Ստեփանակերտին և հայկական այլ բնակավայրերին: Նույն օրը՝ ապրիլի 4-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն առաջին անգամ մարտական գործողություններում կիրառեց ՏՕՍ-1Ա (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Բացի այդ գործողության էին դրվել նաև ԲՄ-21 «Գրադ» և ավելի հեռահար ԲՄ-30 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Մարտական գործողությունների առաջին օրվա պատկերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որդեգրել էր առաջին մարտակարգում հատուկ նշանակության մոբիլ խմբերի օգտագործմամբ արագ ճեղքում ապահովելու մարտավարությունը: Մասնավորապես հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, գործի էին դրվել Ադրբեջանի ԶՈւ 052 առանձին հատուկ նշանակության բրիգադի զինծառայողների ուժերը: Վերջիններս, սակայն, չնայած սկզբնական հատվածում հաջողած դիվերսիոն ներթափանցմանը, այնուհետև հայտնվեցին շրջափակման մեջ և կորցրեցին ավելի քան 30 զինծառայող, այդ թվում՝ միջին և բարձր սպայական կազմից: Ձախողվեց հատուկ նշանակության խմբերի և համազորային ստորաբաժանումների ներդաշնակումը, ինչը հանգեցրեց անակնկալ հարձակմամբ ճեղքում ապահովելու մարտավարության ձախողման: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը գործի դրեց ծանր հրետանային միջոցներ՝ այդպիսով գործողությունները փոխադրելով դիրքային մարտի և ձախողելով իր նախաձեռնած ռազմագործողությունը: Հարցի մյուս կողմն է, որ այդ համակարգերի գործադրումը, մասնավորապես «Սմերչ ՀԿՌՀ-ների դեպքում, ամբողջությամբ ձախողվեց:

Գործողությունների նման ընթացքը ստիպեց գնալ հրադադարի. ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո լայնամասշտաբ մարտական գործողությունները դադարեցվեցին: Կանխվեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

Մարդկային կորուստների վերաբերյալ Ադրբեջանը ճշգրիտ և վերջնական տվյալներ չի հայտնել՝ ինչպես միշտ թաքցնելով կորուստները, սակայն բաց աղբյուրներում ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ մարտական գործողություններում Ադրբեջանի ԶՈւ-ն կորցրել է առնվազն 93 զինծառայող: Հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի կորուստները եղել են առնվազն 70, իսկ հարավային՝ Ֆիզուլիի ուղղությամբ՝ առնվազն 22: Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստների մեջ զգալի թիվ են կազմում հատուկջոկատայինները:

Իրականում Ադրբեջանի կորուստները ավելի շատ էին, ինչի մասին խոսում է մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը 2016 թ. մայիսի 16-ին տված մամուլի ասուիսում նշել էր, որ, իրենց տեղեկություններով, կողմերն ընդհանուր ունեցել են շուրջ 350 կորուստ: Ըստ նույն հայտարարության՝ Ադրբեջանը մեծ թվով կորւստներ է ունեցել, այդ թվում՝ Հայաստանի հետ համեմատությամբ:

Ըստ Արցախի պաշտպանության բանակի հայտնած տեղեկությունների՝ Ադրբեջանը նաև ունեցել էր իր հայտարարածից անհամեմատ մեծ թվով զինտեխնիկայի կորուստներ, այդ թվում՝ 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահամեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ (Ադրբեջանն ընդունում է միայն մեկ ուղղաթիռի կորուստը), 12 անօդաչու թռչող սարք:

Ապրիլի 2-5-ին, ըստ Արցախի ՊԲ հաղորդագրությունների, զոհվել էր 64 զինծառայող և 13 կամավորական: Զինտեխնիկայի կորուստները կազմել էին՝ 14 տանկ (որից 6-ը նորոգվել ու վերադարձվել է շարք), 4 ՀՄՄ (ԲՄՊ), 1 «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայան:

Ըստ հայկական կողմի՝ տարածքային կորուստը կազմում է ընդհանուր մոտ 800 հա, ինչն իր խոսքում նշել է նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն գրավել է ավելի քան 2000 հա տարածք:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը Kavkaz-uzel.eu կայքում հրապարակված հոդվածում նշել է, որ քարտեզների վերլուծության արդյունքում արած եզրակացության համաձայն՝ Արցախն ընդհանուր առմամբ կորցրել է 9.93 կմ քառ. կամ 993 հեկտար (ըստ Հ. Միքայելյանի՝ իր առաջին գնահատմամբ հայկական կողմի տարածքային կորուստը եղել է 795 հա): Ամեն դեպքում, պետք է նշել, որ այս տվյալները ճշգրիտ չեն, արված են քարտեզների հիման վրա և կարող են որոշակիորեն տարբերվել: Նշենք, որ Արցախի ընդհանուր տարածքը ներկայումս կազմում է շուրջ 11500 կմ քառ., իսկ այդ 800-900 հեկտարը, կամ 8-9 կմ քառ. կազմում է ընդհանուր տարածքի շուրջ 0,07 տոկոսը: Հասկանալի է, որ նման մարդուժ և զինտեխնիկա կենտրոնացնելու դեպքում այսպիսի համեմատաբար շատ փոքր տարածքի գրավումը չի կարող այս պարագայում համարվել «հաջողություն»:

Ապրիլյան մարտական գործողությունների ողջ ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային մի շարք կոնվենցիաներ: Մասնավորապես Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները հյուսիսային՝ Թալիշ գյուղում դաժանորեն սպանել են բնակիչներ Վալերի Խալափյանին, նրա կնոջը և 1924 թ. ծնված 92-ամյա Մարուսյա Խալափյանին՝ խեղելով նրանց մարմինները։ Ադրբեջանի ԶՈւ հրետանային հարվածների հետևանքով Զորավան (Ներքին Ճարտար) համայնքի դպրոցի դիմաց սպանվել էր 2004թ. ծնված Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, և վիրավորվել էր ևս երկու երեխա:

Բացի այս, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ 2016 թ.-ին հրապարակած զեկույցի, Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության գոտում հայտնված Արցախի ՊԲ 28 զինծառայողի 90 տոկոսի նկատմամբ ևս կիրավել է մահվամբ պատիժ, նրանց մարմինները խեղվել են, այդ թվում եղել են բազմաթիվ անդամահատության դեպքեր, ինչպես մահվանից հետո, այնպես էլ՝ կենդանության ժամանակ: Գրանցվել է 3 գլխատման դեպք:

Մասնավորապես համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ՊԲ սպանված զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի կտրված գլուխը գյուղերում ցուցադրում բնակչությանը և հպարտանում իրենց «հերոսությամբ»: Որոշ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի կայքը հրապարակեց լուսանկար, որտեղ երևում էր, որ այդ երկրի նախագահը պարգևատրում է նշված «հերոսությունն» իրականացրած զինծառայողին:

Այս ամենը ևս հստակ ցույց են տալիս, որ ռազմական ուժի կիրառմամբ քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը ոչ միայն անտեսում է ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև հենց պետական ամենաբարձր մակարդակով խրախուսում ռասիզմը և ռազմական հանցագործությունները՝ ինչը վառ կերպով արտահայտվեց նաև Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: Ապրիլյան պատերազմի ընթացքը մեկ անգամ ևս հաստատեց, որ Արցախի բնակչության անվտանգությունը կարող է երաշխավորված լինել միայն սեփական զինուժի միջոցով այդ անվտանգության երաշխիքները ապահովելու դեպքում:

Արամ Կոստանյան