EconoMood-ը կառավարության մշակած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթների շուրջ զրուցել է ֆինանսական ոլորտի մասնագետ Ինգա Ղալայանի հետ։
Կառավարությունը քննարկել և հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթը և դրա շրջանկում իրականացվելիք քայլերը: Արդյո՞ք այդ քայլերի միջոցով հնարավոր կլինի խուսափել տնտեսական խոր ճգնաժամից:
Կորոնավիրուսի արագ տարածումն իր ազդեցությունն է թողել բոլոր բաց տնտեսությունների վրա, այդ ազդեցության հետևանքներն ակնառու են ամբողջ աշխարհում, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։ Այս ճգնաժամը հաղթահարելու համար տարբեր երկրներում կիրառվում են տարբեր գործիքներ՝ յուրաքանչյուր երկրի յուրահատկություններին համապատասխան: Մեր երկիրն ընտրել է ֆինանսական աջակցման գործիքակազմ, որի նկատմամբ Հայաստանի տնտեսությունն ավելի զգայուն է, խոսքը վերաբերում է վարկերի տոկոսադրույքների զրոյականացմանը և համաֆինանսավորմանը, ինչպես նաև կառավարության կողմից իրականցվող ծրագրերը թիրախավորել են հստակ ոլորտներ, որը հնարավորություն է տալիս ֆինանսական հոսքերի ուղղում սոցիալական, բիզնես, գյուղատնտեսական ոլորտներ: Գնահատելի է, որ պետությունն իր աջակցման ծրագրում շեշտադրում է գյուղատնտեսության կարևորությունը, քանի որ յուրաքանչյուր երկրի համար ճգնաժամը մեծ հնարավորություն է նկատելու սեփական երկրի թույլ կողմերը, աշխատելու այդ ուղղությամբ, և ճգնաժամը հաղթահարել առանց խորը հետևանքների։ Հայաստանի համար նշանակալի հաղթանակ կլինի, եթե հաջողվի փոփոխել Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ IT ոլորտի զարգացմամբ, ինչն ճգնաժամի այս փուլում մեծ ներուժ ունի:
Չնայած իրավիճակը օրեցօր փոփոխվում է, այդուհանդերձ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կա՞ն արդյոք տնտեսական ռիսկերի վերաբերյալ կանխատեսումներ։
Այս փուլում կանխատեսումներ անելը գրեթե անհնար է, սակայն միանշանակ է, որ այս ճգնաժամը գրեթե բոլոր երկրների տնտեսական զարգացումը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու է: Համաշխարհային կառույցները մինչև ճգնաժամը կանխատեսում էին 3 տոկոսին մոտ համաշխարհային տնտեսական աճ, որին զուգահեռ ՀՀ-ի համար ակնկալվում էր 5-6 տոկոսի տնտեսական աճ: Ներկա իրավիճակում կառույցները կվերանայեն իրենց կանխատեսումները` իջեցնելով ակնակալվող շեմը: 2007-2008 թթ․ ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը ՀՀ-ի տնտեսության վրա իր ազդեցությունը թողեց մոտ մեկ տարվա ժամանակային խզումով` հանգեցրեց ՀՀ տնտեսության երկնիշ կրճատման: Չնայած նրան, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը առողջապահական է, ոչ թե ֆինանսական, սակայն այն նույնպես հանգեցնելու է ֆինանսատնտեսական հետևանքների` ինչն արդեն իսկ ակնհայտ է: Օրինակ` համաշխարհային բորսայում կարևոր ինդեքսների գծով նկատվում է անկում, որն իր նշանակալի ազդեցությունը կունենա ԱՄՆ-ի նման զարգացած երկրների վրա: Կարծում եմ, Հայաստանի վրա ազդեցությունն ավելի շուտ կլինի իրական հատվածից եկող` պղնձի գնի անկում, որի արդյունքում կկրճատվի ՀՀ արտահանումն` արժեքային արտահայտությամբ, ինչպես եղավ 2014 թվականի դեկտեմբերից հետո, նավթի գների նվազման արդյունքում ռուբլու արժեզրկում, որն իր ազդեցությունն կունենա ՀՀ առևտրաշրջանառության և տրանսֆերտների վրա, ինչպես նաև զբոսաշրջության դանդաղեցում: Հայաստանում, բացի արտաքին գործոնների արդյունքում առաջացած խնդիրներից, ծագել են ներքին խնդիրներ. ցամաքային սահմանների ժամանակավոր փակ լինելու արդյունքում առաջացել է ապրանքների մատակարարման խնդիր, որը հանգեցնելու է ապրանքների առաջարկի և պահանջարկի միջև խզումների առաջացման: Կորոնավիրուսի ազդեցության արդյունքում ենթադրվում է, որ ՀՀ տնտեսության զարգացումը հետ կընկնի պլանավորված աճից որոշակի ժամանակով, մասնավորապես, խոսքը վերաբերում է շինարարությանը, որի աճի տեմպը 2019 թվականին 4.6 տոկոս էր կազմել, ինչը բավականին էական է տնտեսական աճի նպաստման տեսանկյունից. նախատեսված էին ենթակառուցվածքների բարելավում, որն առկա պայմաններում կարող է նախատեսված ժամանակից հետ ընկնել:
Ամբողջությամբ՝ b4b.am