Ես շատ լավ եմ հիշում այդ օրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10-ին նոր ներկայացման փորձ էր նշանակված: Մենք պատրաստվում էինք պրեմիերային, գրեթե ամբողջ դերասանական կազմը թատրոնում էր: Փորձից մի քանի ժամ հետո մենք զգացինք տատանում. Երևանը ցնցվեց: Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ինչ է պատահել: Ես զանգեցի տուն, կինս ասաց. «Ինչ-որ ահավոր բան է եղել Լենինականում»:
Սակայն դեռ միայն շշուկներ էին պտտվում: Գնացի տուն, հավաքեցի ընտանիքիս ու տարա ապահով տեղ: Հետո վերադարձա թատրոն, և առաջին տեղեկություններն արդեն հասել էին: Ասում էին, որ ամեն ինչ ավերվել է, սակայն դա գլխիս մեջ չէր տեղավորվում:
Թատրոնում որոշեցինք Լենինականին օգնության հասնել: Մեր բժիշկները գրանցվեցին «Շտապ օգնության» բրիգադում, մնացածներս չէինք հասկանում, թե ինչով կարող ենք օգտակար լինել, սակայն տանը նստելն անհնար էր, հավանաբար այնտեղ ավել ձեռքեր էին անհրաժեշտ…
Անցավ մի քանի շաբաթ: Ամանորից առաջ մեր թատրոնը կրկին վերադարձավ Լենինական: Որոշել էինք տուժած երեխաների համար ամանորյա հանդես կազմակերպել և նվերներ տալ: Ավտոբուսը կանգնեցրինք հենց առաջին փոքր փողոցի վրա, դրեցինք տոնածառը, ինչ-որ կերպ այն զարդարեցինք: Շատ շուտով բազմաթիվ երեխաներ հավաքվեցին հարևան փողոցներից: Ես Ձմեռ պապն էի և առաջինը դուրս եկա հանդիսատեսի մոտ: Նվեր ստացած երեխայի ոտանավոր արտասանելու առաջարկն ապացուցեց, որ մենք չէինք սխալվել և երեխաներն իրոք տոնի կարիք ունեին: Նրանք շրջան կազմեցին, երգեցին, ոտանավորներ արտասանեցին: Ես սկսեցի նվերներ բաժանել, և հետո երեխաները սկսեցին խնդրանքներով դիմել Ձմեռ պապիկին. մեկը խնդրում էր, որ իր մայրիկին վերադարձնեի, մյուսը՝ հայրիկին, մեկ ուրիշը՝ եղբորը: Չգիտեմ, թե ինչպես եմ դրան դիմացել: Ես իմ տեսակով սենտիմենտալ չեմ, սակայն այնքան, որքան այդ օրն եմ լաց եղել, Աստված տա ոչ մեկի կյանքում չլինի: Դա սարսափելի էր…
Ամբողջությամբ՝ blognews.am