«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գիտե՞ք ընդդիմության հիմնական սխալը որն է. մենք այս իշխանություններին ընկալում ենք որպես քաղաքական միավոր և ընդդիմադիր գործունեության ռազմավարությունն ու մարտավարությունը մշակում և իրականացնում ենք քաղաքականության ընդունելի և հաստատված կանոններով:
Այս իշխանությունն իր տեսակով, բնույթով և էությամբ բացարձակ ապաքաղաքական է, դուրս է քաղաքական բոլոր կանոններից և տրամաբանությունից: Սա ինձ ավելի շատ հիշեցնում է գարաժում իր գործունեությունը սկսած ինքնուս երաժիշտների, որոնք ստեղծել են վոկալ ինստրումենտալ համույթ և մի քանի սկանդալային միջադեպերի և հորինված դրամատիկ պատմությունների արդյունքում ձեռք են բերել հանրային մեծ ճանաչում և ֆանատների մեծ բանակ:
Որպես երաժիշտներ ևս չեն փայլում իրենց տաղանդով, շատ են ֆալշերը, արտադրած երաժշտությունն էլ անտանելի է երաժշտական ճաշակ ունեցողների համար:
Կարճ ասած՝ Ласковый май, իսկ մենակատարը՝ դաժան մանկություն անցած, որբանոցի սան Շատունով: Հանրային սերը այս համույթի նկատմամբ ուղղակի անբացատրելի էր, չուներ ոչ մի հիմնավորում, բայց անասելի մեծ էր, իսկ ֆանատների բանակը պատրաստ էր բզիկ բզիկ անել յուրաքանչյուրին, ով կփորձեր թթու խոսք ասել իր կումիրին:
Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի կողմնակից, գաղափարակից մի շատ պարզ պատճառով. նա չունի ոչ կողմ և ոչ էլ գաղափար: Նա, ինչպես օրինակ Քիմ Քարդաշյանը կամ Յուրի Շատունովը, ունի միայն ֆանատներ, ֆան ակումբներ:
Իսկ ոչ մի կողմնակից և գաղափարակից ուղղակի չի կարող մրցել և հաղթել փոփ աստղի կամ ռեալիթի շոուի հերոսի բացառապես ենթագիտակցությամբ առաջնորդվող ֆանատներին, դա ուղղակի անհնար է:
Գործը շատ ավելի բարդ է, եթե այդ փոփ աստղը կամ ռեալիթի շոույի հերոսը նաև լրագրող է, ով շատ լավ տիրապետում է տեղեկատվական հոսքերի կառավարման հնարքներին և պատրաստ է ցանկացած կրկեսային ներկայացման՝ իր համար անցանկալի տեղեկատվությունը խլացնելու և իր ֆանատների տեղեկատվական կոմֆորտ զոնան ապահովելու համար:
Մինչև մենք սա չգիտակցենք և չմշակենք այս ինքնուս և անտաղանդ երաժշտական-լրագրողական համույթի դեֆեկտայինությունը ի ցույց դնելու իրական և գործուն ռազմավարություն, ռեալիթի շոույի հերոսների համահայկական տուռնեն դեռ երկար կշարունակվի:
Շատ ավելի մեծ է վտանգը, որ անտաղանդ ինքնուս փոփ-աստղին կփոխարինի մեկ այլ ինքնուս դերասան՝ մարտաֆիլմի նոր սյուժեով և սեփական հիստերիկ ու «արյունառշտու» սազանդանդարներով»։