Բացի հագուստ, սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր հավաքելը` մի քանի ժամ է լոռեցիները նաեւ բահ ու քլունգ են հավաքում: Քաղաքի տարբեր հատվածներում, խանութներում, սրճարաններում մարդիկ հավաքում են անհրաժեշտ իրերն ու ուղարկում սահման:
Լոռու մարզի համակարգող խմբի անդամ Լիլիա Աբրահամյանն ասում է, որ մարդիկ այնպիսի պատրաստակամությամբ են միացել, որ խանութներում այլեւս ոչ մի բահ չի մնացել, բոլորն արդեն գնել են. «Հիմա փայտամշակման արտադրամասերն են արագ պատրաստում, որպեսզի անհարժեշտ քանակն ապահովենք, եւ մեր դիրքերում որեւէ բանի կարիք չզգացվի: Մարդիկ իրենց նկուղից նույնիսկ մեկ բահը բերում ու տալիս են: Նաեւ դրսից հովանավորներ կան, որոնք գումար են ուղարկել եւ մենք գնել ենք անհրաժեշտ իրերը: Մենք հուսահատվելու իրավունք չունենք, որովհետեւ ուժեղ ու հզոր ենք, եւ մեր զինվորները թիկունքում ամրությունը պետք է զգան»:
Արագ արձագանքման խմբի անդամ Անդրանիկ Հովհաննիսյանն էլ հավելում է, որ մարդիկ ակտիվ են ցանկացած հարցում. «Այս պահին բահ ու քլունգ ենք հավաքում, քանակի խնդիր չկա, մարդիկ միահամուռ ուժերով օգնում են: Նույնիսկ մի պապիկ իր այգու վերջին բահն է բերել, որպեսզի իր լուման ներդնի մեր հաղթանակի գործում: Մարդիկ մի մարդու պես կանգնած են մեր զինվորի կողքին»:
Բահի ու քլունգի հավաքմանն արագ արձագանքել են ոչ միայն վանաձորցիներն, այլ Լոռու մարզի ողջ բնակչությունը: Բովաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արման Սաքանյանն ասում է, որ իրենց տարածաշրջանից նույնպես կան կամավոր ճակատ մեկնած բնակիչներ, իսկ նրանք, ովքեր մնացել են համայնքում՝ փորձում են այս կերպ աջակցել սահմանը պահող մեր զինվորներին. «Լոռի բերդ խոշորացված համայնքից ենք գալիս: Բնակչությունն ինչ ունեցել է՝ հին ու նոր, հավաքել ենք, վերանորոգել ու բերել ենք: Հիմա դեռեւս շարունակում են հավաքել, որպեսզի գնանք մյուս մասն էլ բերենք»:
Կամավոր Անի Ալեքսանյանը պատերազմի առաջին իսկ օրվանից սեփական նախաձեռնությամբ իր սրճարանում կազմակերպել է կրկին անհրաժեշտ իրերի հավաքում: Ընկերների, կամավորների ու հարազատների հետ հավաքում են ամբողջ իրերը, տեսակավորում եւ անձամբ հասցնում զինվորներին: Երեկ է վերադարձել Արցախից, համոզված է, ամեն ինչ լավ է լինելու. «Եղբայրս է տանում զորամասեր, այնտեղ զինվորներն ասում են, թե ինչի կարիք ունեն, հիմա էլ սկսում ենք դա հավաքագրել: Ծխախոտն ու ջուրը շարունակում են մնալ այն կարեւորը, որի կարիքը միշտ ունենում են զինվորները: Հիմա էլ հերթը ինժեներական իրեր հավաքելուն է հասել: Հայն անպարտելի ազգ է, Աստված մեզ հետ է»: